Իտալիայի խորհրդարանականները COP 29-ին ընդառաջ Բաքվում գտնվող հայերին ազատ արձակելnւ վերաբերյալ կոչ են տարածել
Իտալիայի 38 խորհրդարանական Բաքվում անցկացվելիք՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովի նախօրեին հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ կոչ է տարածել․ տեղեկացնում է ANSA գործակալությունը։
«-Հաշվի առնելով, որ 2024 թվականի նոյեմբերի 11-ից 22-ը Ադրբեջանը հյուրընկալու է COP29՝ Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության համաժողովը,
– Նկատի ունենալով, որ Իտալիան Բաքվի հետ ունի շատ լավ առևտրային և քաղաքական հարաբերություններ, ինչպես նաև արդյունավետ համագործակցություն էներգետիկ ոլորտում, ինչն Իտալիան դասում է Ադրբեջանի առաջնային եվրոպական գործընկերների շարքում,
– Հաշվի առնելով, որ Իտալիայի շահերից է բխում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատումը, ուստի նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բարձրացմանը նպաստող բոլոր գործողությունների և վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրման խրախուսումը,
– Արձանագրելով, որ վերջին հակամարտություններից հետո տարբեր պատճառաբանություններով Բաքվում դեռևս պահվում են 23 հայ ռազմագերիներ և այլ պահվող անձինք, որոնց ընտանիքները երկար ժամանակ է, ինչ սպասում են նրանց տուն վերադարձին,
– Հաշվի առնելով, որ նրանց ազատ արձակումը դրական ազդակ կլինի երկու երկրների միջև հարաբերությունների համար և հետագայում ևս լրացուցիչ դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի և հենց COP29-ի վրա,
Իտալիայի Հանրապետության ներքոստորագրյալ պատգամավորներն ու սենատորները կոչ են անում կառավարությանը.
– Ադրբեջանցի գործընկերոջը հորդորել, որպեսզի COP29 միջոցառման շրջանակում, որպես բարի կամքի դրսևորում և ի նշան Իտալիայի հետ բարեկամության, ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց,
– ապահովել՝ անհրաժեշտության դեպքում նաև սեփական միջոցներով, նրանց տուն վերադարձը,
– Հայաստանին և Ադրբեջանին փոխանցել Իտալիայի հանձնառությունը նպաստելու տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատմանը»։
Աղբյուրը՝ ABC MEDIA