Արդարացվեց Սրբազան շարժման օրերին հետապնդման ենթարկված ևս երկու մասնակից. փաստաբան
Դատարանն արդարացրեց Սրբազան պայքարի օրերին կալանավորված ևս երկու աջակիցների։
Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «ՀՀ քրեական օրենսգրքի 236 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող պաշտպանյալս` Vahik Avagyanը և ՀՀ քրեական օրենսգրքի 46 ֊ 236֊րդ հոդվածի 2 ֊րդ մասով մեղադրվող մյուս պաշտպանյալս` Պերճ Խաչատրյանն այսօր արդարացվեցին իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,-գրում է փաստաբանը՝ հիշեցնելով, որ Վ. Ավագյանի և Պ. Խաչատրյանի նկատմամբ հետապնդումն իրականացվում էր Սրբազան շարժման օրերին, իբրև թե հավաքներին մասնակցել պարտադրելու համար, մինչդեռ վարույթի դեռ սկզբնական փուլում, ըստ փաստաբանի, պաշտպանական կողմը բարձրաձայնել է դրա իրավաբանական սնանկության մասին` դեռ ամիսներ առաջ կանխատեսելով կայացված վերոհիշյալ որոշումները։
«Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի երկիրը ներսից ծվատող ահռելի չափերի հասած հանցավորության դեմ»,- խոսքն ամփոփում է Վահե Եփրիկյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ, հենց նախաքննության փուլում, արդարացվեց ՀՅԴ Վայոց ձորի Մարզային կոմիտեի անդամ Սուրիկ Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր ընդդիմադիր հավաքներին անձանց մասնակցության համար իբրև նյութապես շահագրգռելու մեջ։ Նրա փաստաբան Արսեն Բաբայանը փաստի առթիվ հայտնել էր, որ Սուրիկ Հովհաննիսյանը, ուղիղ հինգ ամիս, ակնհայտ ապօրինությամբ ենթարկվել է քրեա–քաղաքական հետապնդման։ Ուղիղ մեկ ամիս գտնվել է բանտային կալանքում, երեք ամիս տնային կալանքում։