Բաքուն փորձում է Երևանին թելադրել իր պայմանները՝ դա ուղեկցելով դիվանագիտական և ռազմական ճնշումներով․ НГ
Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի կունենա Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների երրորդ հանդիպումը՝ նվիրված հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Դատելով Երևանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարություններից՝ նրանք պատրաստ են Բաքվի հետ խաղաղության պայմանագիր կնքել առաջիկա մի քանի շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում։ Ճիշտ է, առաջիկա հանդիպումից դժվար է նման բեկում ակնկալել, գրել է Независимая Газета-ն։
Ադրբեջանի ներկայացուցիչներն առայժմ հակառակ ազդանշաններ են ուղարկում։
Քաղաքական հետազոտությունների «Ատլաս» կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նշել է, որ եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն ստորագրել համաձայնագրի բոլոր 16 կետերը միանգամից, ապա մոտ ապագայում կարող է խաղաղություն կնքվել։ Միաժամանակ առանցքային խնդիրը մնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը։
«Իրանով հնարավոր է այլընտրանքային ճանապարհ կառուցել Բաքվից Նախիջևան, սակայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունների ֆոնին՝ Հայաստանի տարածքով ճանապարհը նախընտրելի է թվում։ Դրանով հետաքրքրված են նաև Ռուսաստանը և Թուրքիան։ Միևնույն ժամանակ, Անկարան և Բաքուն դեմ չեն, որ Մոսկվան վերահսկողություն իրականացնի ճանապարհի վրա։ Երևանը դժգոհ էր դրանից, սակայն վերջերս Փաշինյանը համաձայնել է մոնիթորինգը Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ իրավասությանը հանձնելու գաղափարին։ Միգուցե այս թեման քննարկվի «3+3» ձևաչափով»,- նշել է Շահինօղլուն։
Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, ընդհակառակը, կարծում է, որ «3+3»-ի շրջանակներում հայ-ադրբեջանական հակամարտությունն ընդհանրապես չի դառնա քննարկման հիմնական թեմա։
«Երևանի և Բաքվի միջև բանակցային գործընթացն ընթանում է երկկողմ ձևաչափով, այսինքն՝ առանց միջնորդների։ «3+3»-ի շրջանակներում հնարավոր է քննարկել տարածաշրջանային խաղացողների տնտեսական մերձեցումը, չնայած նրանց միջև առկա տարաձայնություններին»,- եզրափակել է Շաֆիևը:
Փորձագետ Վադիմ Մուխանովը կարծում է, որ առնվազն մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հավանականությունը ցածր է մնում։ «Ստամբուլում հնարավոր չի լինի հասնել որակական առաջընթացի, քանի որ կողմերի դիրքորոշումները մնում են հակադիր։ Անգամ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը չի հանգեցնի անհրաժեշտ փոփոխությունների։ Ըստ էության՝ Ադրբեջանը ցանկանում է մնալ հաղթողի կարգավիճակում և Երևանին թելադրել իր պայմանները տարբեր հարցերի շուրջ՝ դա ուղեկցելով դիվանագիտական և ռազմական ճնշումներով»,- կարծում է Մուխանովը։
Աղբյուրը՝ ABCmedia