ԼՐԱՀՈՍ
16 Oct 2024

««Այլևս երբեքը» որպես համակարգ»․ Բագրատ Սրբազան

 ««Այլևս երբեքը» որպես համակարգ»․ Բագրատ Սրբազան

«Այլևս երբեքը» որպես համակարգ...

Խոսենք Իսրայել պետության մասին, ինչպե՞ս են իրենք զարգացնում պետությունը։ Նախ, գոյություն ունեն սկզբունքները, որ այս կետից ու գծից այն կողմ չի կարելի անցնել, իրենք գործում են այսպիսի գաղափարաբանական դաշտում։

Վերցնենք մեր ցեղասպանության գաղափարը և համեմատենք Հոլոքոստի ընկալման հետ։ Երբ Իսրայել պետությունը կամ հրեա ժողովուրդն ասում է՝ «Այլևս երբեք», նա այն դարձրել է սկզբունքային բանաձև, հայեցակարգ, մտածողություն, որովհետև ինքը Հոլոքոստ է տեսել, անցել է դաժան ճանապարհով, և դա իր համար համակարգ է դարձրել, «Այլևս երբեք»-ն այդ համակարգի անունն է։

Թե՛ անհատապես, թե՛ ընտանիքով, թե՛ որպես պետություն ամենաչնչին իսկ վտանգի պարագային գործում է «Այլևս երբեք»-ի սկզբունքը, արթնանում է հիշողությունը, որ «ես անցել եմ այս կրակի միջով, իմ ժողովուրդն անցել է այս կրակի միջով»։

Այս սկզբունքը նաև փոխանցվել է բոլոր ոլորտներին կրթական, տնտեսական, առողջապահական, արտաքին հարաբերությունների և այլն։ Եվ այս բոլոր ոլորտների մեջ լավագույնը լինելու ձգտումն է պետությունն ամբողջական և հզոր ու զարգացող հիմքերի վրա տեսնելու առաքելությամբ։

Այսինքն՝ Հոլոքոստը դարձել է համակարգ, իսկ մեզ մոտ զգացմունք է։ Երբ մենք ասում ենք «այլևս երբեք», շատ հաճախ չենք էլ հասկանում, թե ինչու ենք ասում։ Մենք արդար իրավունքով կռվում ու պայքարում ենք աշխարհի հետ, աշխարհի դեմ, որպեսզի ճանաչեն հայոց ցեղասպանությունը, բայց զուգահեռաբար ի՞նչ ենք արել, որ այդ ամբողջ գաղափարաբանությունը չմնա միայն զգացմունքային զոհի մակարդակի վրա, այլ դառնա համակարգ, որ յուրաքանչյուր հայ մարդ դպրոցում, աշխատավայրում, արտաքին աշխարհի հետ որևէ հարաբերության մեջ գործի այս սկզբունքով մտածելով, որ ինքն անցել է տառապանքի այս ճանապարհով, իր ժողովուրդն անցել է այս կրակի ճանապարհով, հասել է ոչնչացման եզրին, և, հետևաբար, իրավունք չունի կրկին թույլ տալու դա, և այս պատճառով կրթությունը պետք է լինի լավագույնը, տնտեսությունը պետք է լինի բարձրագույնը, առողջապահապան համակարգը պետք է լինի ամենազարգացածը, տեխնոլոգիական զարգացումը` բացարձակ մրցակցություն չունեցողը, բանակը պետք է լինի ամենամարտունակը, անվտանգության բոլոր խնդիրները լուծողը, բանակի յուրաքանչյուր զինվորն ու սպան պետք է ունենա բարձրագույն արժեքը, որովհետև նա պետության, ինքնության, գոյության և անվտանգության երաշխավորն է և պետք է գործի «Այլևս երբեք» սկզբունքով։


Սա ամբողջական, համալիր մոտեցում է պահանջում, ոչ թե զգացմունք։ Սոսկ չենք պատմում, թե մեր մեծ հայրերն ու մայրերն ինչպես են անցել սրի ճանապարհով և վատ զգում դրա համար՝ լացելով, ցավ ապրելով ու, միգուցե, մի քանի խիստ դատապարտող արտահայտություններ անելով իրագործողների հասցեին, աղաղակելով, որ «այլևս երբեք» չպետք է կրկնվի, և գնում մեր սովորական կյանքին։

Մեզ համար ցեղասպանությունը գործող հովանի, համակարգ չդարձավ, և այդ պատճառով էլ տեղի ունեցավ այս պատերազմը։

Մենք մեծով ու փոքրով այդ դաստիարակության ճանապարհի մեջ չմնացինք։

Այսօր մեզ համար կարևորագույն ձեռնարկում պետք է լինի մեր պետության գաղափարական հիմքերը սահմանելը և դրանք հանրային արժեք դարձնելը: Մեր գաղափարաբանության հիմքում պետք է լինի մեր ինքնությանը հարիր քրիստոնեական ընկալումը, վարքագիծն ու մտածողությունը, որը հազարամյակներով փորձվել և քննություն է բռնել:

Քրիստոնեական ընկալումն անբաժանելի կերպով ընդելուզված է մեր ազգային նկարագրին։ Այդ հիշողությամբ մեր Սուրբ Եկեղեցին ապրել է՝ ազգային տարրն ու նկարագի րը երբեք չբաժանելով հոգևոր բովանդակությունից։

 

«Ավետյաց երկրի տեսիլքով»

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Սրբազան պայքարի առաջնորդ