«Եվ դարձյալ ցորենի ու բրնձի մասին....»․Արթուր Խաչատրյան
«Ես ֆանտասմագորիկ ժանրի հայտարարությունները սովորաբար չեմ մեկնաբանում, բայց այն ինչ մի քանի օր առաջ ասաց Հայաստանի ԱԽՔ-ը, անտեսել չի կարելի: Առաջարկում է ցորենից անցնել բրնձի: Ավելի «խելոք» բան մեկ էլ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետան էր բրնձել: Երբ իրեն ասել էին, որ ժողովուրդը հաց չունի, նորին մեծությունը խորհուրդ էր տվել. "Qu'ils mangent de la brioche" (թող թխվածք ուտեն): Ինչպես հայտնի է, ֆրանսիացիք կտրեցին այն գլուխը, որտեղ նման միտք էր ծնվել:
Եկենք նայենք 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պարենային հաշվեկշվին: Հայաստանում անցյալ տարի արտադրվել է 180.000 տոննա հացահատիկ, ներմուծվել է 465.000 տոննա` 2,5 անգամ ավելի: Սննունդում օգտագործվել է 386.000 տոննա, անասուններին բաժին է հասել 117.000 տոննա: Ոչ մի հատիկ բրինձ Հայաստանում չի աճեցվել, ներմուծվել է 10.000 տոննա: Տարվա ընթացքում ավելի քան 57 անգամ (!!!) ավել ցորեն է օգտագործվել, քան բրինձ: Ինչպե՞ս է Արմեն Գրիգորյանը պատկերացնում փոխարինումը: Հասկանու՞մ է, որ ինքն առաջարկում է փոխել հազարամյակների ընթացքում ձևավորված սննդակարգը: Էդ իրենք են երևի փայտիկներվ Պեկինյան բադ ուտում, մի քիչ էլ բրինձ, որ ցույց տան, որ «պռադվինուտի» կոսմոպոլիտ են: Հայերս հաց ենք ուտում: Հպարտ Հայաստանում տասնյակ հազարավոր ընտանիքներ կան, ում համար հացն է հիմնական ուտելիքը: Մարդիկ ոչ թե Պեկինյան բադի, այլ անհայտ ծագման սառեցրած հավի բդին են կարոտ: Գոնե գիտի, թե բրինձը ցորենից որքան է թանկ, ի՞նչ լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում ոչ բարենպաստ պայմաններում ապրող մեր հայրենակիցների վրա: Չգիտի: Ինքը կուշտ է...
Հայաստանը 30%-ից էլ քիչ է ցորենով ինքնաբավ: Ավելի պարզ, երեք մատնաքաշից երկուսը թխվել է ներմուծված (բացարձակ մեծամասնությունը` Ռուսաստանից) հացահատկից: Եթե Հայաստանի իշխանություններն ուզում են նվազեցնել ներմուծումներից կախվախությունը, պետք է բարձրացնեն ցորենի ինքնաբավության աստիճանը: Հայաստանի վարելահողերի կեսը չի մշակվում: Ելնելով բնակլիմայական պայմաններից ու ոռոգման համակարգի վիճակից, այդ հողերի զգալի մասի վրա հիմնականում հացահատիկ կարող է աճել: Օգնեք գյուղացիներին, որ չմշակվող հողերը մշակեն, հաց ցանեն: Քավ լիցի, չեմ ասում բարձրարժեք մշակաբույսերի փոխարեն ցորեն ու գարի ցանեք: Խոսում եմ չմշակվող հողերի մասին, խոսում եմ երկրի պարենային անվտանգության մասին: Բայց դե, սրանց համար կարևորն օրիգինալ երևալն է: Ջահնամ, թե ծաղրի առարկա չեն դարձել»։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Արթուր Խաչատրյան