«Եվ այդ խոսքը պիտի լինի հաղթական»․ Բագրատ Սրբազան
«Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստա՜ն, չեմ ներելու հանուն քեզ, Արցա՜խ, չեմ ներելու հանուն քեզ, Շուշի՜...
Այս օրերին շատերին նվաստացրել և արժանապատվության զգացողությունը խոցել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վիրավոր տեսքը։ Շուշի վերադառնալու ճանապարհ կա, և այդ ճանապարհը ամենօրյա աշխատանքն ու զոհաբերությունն է։
Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին այսօր գլխատված է։ Դա արտացոլվում է մեր կյանքի վրա՝ կարծես մենք որպես ժողովուրդ գլխատված լինենք։ «Սուրբ Ամենափրկիչ» է մեր դշխոյի, մեր հաղթանակների խորհրդանիշներից մեկի անունը, և պատահական չէր թշնամու կողմից այդ խոցումը՝ թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ հիմա։
Անշուշտ, պատերազմը մինչև հիմա էլ չի դադարել, խաղաղության մասին խոսք չկա։ Անունն էլ վրան է մեր տաճարի` Սուրբ Ամենափրկիչ։ Այո, մեր ճանապարհը միայն աշխատանքի, զոհաբերության և այդ անդադրում տեսիլքի ճանապարհն է, երազի իրականացմանը ձգտելու ճանապարհն է, այո, Ավետյաց Երկրի Տեսիլքն ամեն օր ապրելու ճանապարհն է, դատարկ խոսքերի, ինտրիգների, կեղծիքների, ստերի ճանապարհը չէ, այլ ուղղակիորեն տեսիլքը սահմանելու և այդ տեսիլքին հասնելու ամենօրյա աշխատանքի և նաև արյունի ճանապարհն է՝ ուզենք կամ չուզենք:
Երանի մեր քրտինքն ավելի շատ լինի, քան մեր արյունը, և մեր երազներին հասնելու ճանապարհն այդպես լինի։ Վերստին ամփոփելու եմ Եսայի մարգարեի խոսքերով, որը մի փոքր ձևափոխել ենք` «Չեմ մոռանալու հանուն քեզ, Հայաստան, չեմ ներելու հանուն քեզ, Արցախ, չեմ ներելու հանուն քեզ, Շուշի»։ Սա պետք է լինի մեր ամենօրյա աղոթքի հետ խառնված պատգամը։ Այո՛, վրեժի զգացումը չպիտի դադարի ոչ մի ժամանակ, այդ սրբազան բառը պիտի դառնա մեր ամենօրյա խոսակցությունների, գործողությունների առանցքը։ Եթե նույնիսկ բարձրաձայն էլ չենք ասում, մեր մտքից ու հոգուց այն երբեք պիտի չբացակայի։ Ինչպես ցեղասպանությունից հետո թե՛ քահանա ձեռնադրվողներին, թե՛ նոր ծնվող երեխաներին մեր մեծ հայրերն ու մայրերը ապագայի անուններով են կնքել, այնպես էլ մենք մեր նոր ծնվող երեխաներին պետք է այս անուններով կնքենք` Արցախ, Շուշի, Վրեժ, Վրեժուհի և այլն, մինչև այն օրը, երբ մենք մեր վերջնական ասելիքը՝ Հաղթանակը կկնքենք:
Գևորգ Ե Սուրենյանց հայրապետի բառերով եմ ուզում ամփոփել. «Մենք մեր վերջին խոսքը դեռ չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը պիտի լինի Հաղթական»։
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Ավետյաց երկրի տեսիլքով»