ԼՐԱՀՈՍ
10 Oct 2024

Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն անարդար ու անարդյունավետ է անվանել

Վրաստանի վարչապետը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն անարդար ու անարդյունավետ է անվանել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Եվրախորհրդարանի՝ ֆինանսավորումը սառեցնելու մասին բանաձևին

Չորեքշաբթի Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում Թբիլիսիի քաղաքականությունից դժգոհ պատգամավորները հավանություն են տվել «Վրաստանում ժողովրդավարությունից նահանջի և քաղաքական բազմակարծության սպառնալիքների մասին» բանաձևին։

Կողմ է քվեարկել 495, դեմ՝ 73, ձեռնպահ՝ 86 պատգամավոր։ Բանաձևը կոչ է անում ԵՄ-ին և նրա անդամ երկրներին պատասխանատվության ենթարկել և անձնական պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար: Նրանց թվում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Բանաձևով նախատեսվում է սառեցնել ԵՄ-ի կողմից երկրին տրվող ամբողջ ֆինանսավորումը։

«Այս բանաձևի անարդարությունը լրիվ ակնհայտ է, նորից խոսվում է «Վրացական երազանք»-ին պատժելու մասին, «Ազգային շարժման» նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ընդդիմադիր կուսակցությանը պաշտպանելու մասին։ Իհարկե, անարդար փաստաթուղթ է։ Այն մեզ համար արժեք չունի, ինչպես նախորդ երեք բանաձևերը, և նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդ երեքը»,- ասել է Կոբախիձեն։

Վարչապետը վստահ է, որ նման փաստաթղթերի ընդունման պատճառն այն է, որ որոշ ուժեր չեն կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» չի բացել Ռուսաստանի դեմ։

 

Աղբյուրը՝ ABCmedia