ԼՐԱՀՈՍ
29 Apr 2024

«Ի՞նչ շարժման մարում. վաղը կհայտնենք կոնկրետ գործողությունների մասին». քաղաքագետ Սուրեն Պետրոսյան

«Ի՞նչ շարժման մարում. վաղը կհայտնենք կոնկրետ գործողությունների մասին». քաղաքագետ Սուրեն Պետրոսյան

Տավուշի պայքարը շարունակվում է. այսօր Կիրանցի վարչական ղեկավարից տեղեկացանք, որ կիրանցիները փակել են ճանապարհը և շարունակում են ակցիաներն ընդդեմ սահմանազատման և սահմանագծման ընթացքում տարածքների հանձնման։

Տավուշի պայքարում առաջին իսկ օրվանից առաջնագծում էին Բագրատ սրբազանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Ու թեև Երևանում, հասարակության շրջանում, կարծես թե, հիասթափության ծիլեր են  նկատվում, որ պայքարը գնալով մարում է, Սուրեն Պետրոսյանը հավաստիացնում է՝ նման բան չկա:

MediaHub-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ պայքարը չի մարել և շարունակվում է։ Եվ նաև ասաց, որ առաջնորդվելու է իրենց կողմից, մասնավորապես՝ Բագրատ սրբազանի, իր՝ Սուրեն Պետրոսյանի և պատգամավոր Գառնիկ Դանիելյանի կողմից։

«Ես կարող եմ մեր անունից ասել, որ ոչ թե սառեցվել կամ մարում է պայքարը, բացարձակապես այդպիսի բան չկա, հակառակը՝ ընդհանուր առմամբ բավականին արագ թափ է առնում։ Հարցը Տավուշում չի, որ նոր փողոցներ են փակվել և այլն, խնդիրը Տավուշում չի լուծվելու. Տավուշից սկսվելու է, Երևանում կնիքը դրվելու է, գործընթացը շատ ավելի է ընդլայնվում»,– ասաց Պետրոսյանը։

Իսկ կոնկրետ գործողությունների մասին Պետրոսյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ վաղը կհայտնեն կոնկրետ գործողությունների մասին։ Նա նշեց, որ միայն ճանապարհներ փակելով չի լինի, այլ հաստատվելու են հստակ օրակարգը, վեկտորները, ուղղությունները և այլն։

«Ի՞նչ մարելու մասին է խոսքը, բացարձակապես այդպիսի բան չկա։ Շատ բան ա որոշված, եթե իրենց որոշածին նայենք: Բայց գործընթացները անպայման կասեցնելու են ոչ միայն հանձնումները, չեմ կարող ասել՝ որ փուլում, քանի որ ամեն րոպե հանձնում ա տեղի ունենում, բայց վստահ եղեք, որ կասեցվելու է գործընթացը և բերելու է խորքային փոփոխություններին»,– շեշտեց նա։

Պետրոսյանը նշեց, որ այժմ ոչ միայն Կիրանցում կարող է ակցիա լինել, այլ նաև այլ տեղերում, բայց քանի որ դժգոհությունը համատարած է, ցանցային ձևով փակում են ճանապարհները, մի կենտրոնից ամբողջ գործընթացը չի ղեկավարվում, և ամբողջ շարժման ուժը դա է։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք տավուշցիների տրամադրությունների վրա ազդում են ոստիկանների ճնշումները, նրանց կողմից բերման ենթարկվելու սպառնալիքները,  Պետրոսյանը նշեց, որ բացարձակապես այդպիսի բան չկա։ 

«Ես այդպիսի բան չեմ տեսել, երկրորդը՝ մարդիկ ինչի՞ց պետք է վախեցած լինեն, բերման ենթարկվելու մեջ ի՞նչ խնդիր կա, կարևորն այս գործընթացը արդար է, ազնիվ է: Սա պայքար է ոչ թե միայն Տավուշի համար, այլ ընդհանրապես պետություն ունենալու համար, ինքնությունը պահելու համար։ Մարդիկ պետք է առաջնահերթ վախենան նրանից, թե ինչ իրենց կսպասվի, եթե չլինի պայքար, և դրանից պետք է ոչ թե վախենալ, այլ սարսափել»,– շեշտեց Պետրոսյանը։

Իսկ հարցին, թե ինչպե՞ս են տավուշցիները տեղեկանում, որ, օրինակ, իրենց տան մի մասը այս ամենի արդյունքում հայտնվելու է Ադրբեջանի տարածքում, MediaHub-ի զրուցակիցը նշեց, որ այդ ամենը իրենք իմացել են մարզպետների և այլ պաշտոնատար անձանց հետ շփումների ընթացքում։

Հիշեցնենք, արդեն 11 օր տավուշցիները ոտքի են կանգնել, իրականացնում են անհնազանդության ակցիաներ, փակում են մարզային ճանապարհներ, որպեսզի թույլ չտան իշխանությանն իրականացնել սահմանազատման գործընթացը։ Ապրիլի 23-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը։

Աղբյուրը՝ MediaHub