«Հայաստանին պետք է իշխանափոխություն, պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ». Վարդան Օսկանյան
Փաստենք, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը։ Այս մասին «ՀՀ-ի մարտահրավերները և դրանք հաղթահարման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Երեք տասնամյակ մենք հանգիստ, խաղաղ ապրում էինք, որովհետև Արցախը իր հարակից տարածքներով անառիկ դարպաս էր, բայց սխալ քաղաքականության արդյունքում մենք կորցրինք այն։ Կորցրեցինք մեր ստրատեգիական խորքը, ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի ու դրա վառ ապացույցն այն է, որ ադրբեջական ուժերը մխրճվել են Հայաստանի տարածք, Տավուշի 4 գյուղերը վտանգի տակ են։ Բանակցություններում ևս Արցախի հարցի գոյությունը կարող է ապահովել բանակցային խորք։ Երբ ՀՀ իշխանություննները արհամարհում են բանակցային խորքը, համարում են դա փակված, իրենց թվում է, թե դա ապահովելու է Հայաստանի անվտանգությունը, բայց դա այդպես չէ։ Իշխանությունները այս հանգամանքը չէին հասկացել դեռ 2018 թ-ից։ Ես չեմ հիշում բանակցային մի դրվագ, որ 2018-ից հետո հայկական կողմը օրակարգ ներմուծեր հայկական շահերից բխող ինչ-որ հարց, միշտ քննարկել են Ադրբեջանի թելադրած օրակարգը»,- ասաց նա։
Օսկանյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի առաջին սխալը եղել է Մադրիդյան սկզբունքների փաստաթղթից հրաժարվելը և բանակցությունները «զրոյական» կետից սկսելը։ Հաջորդ սխալը նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակությունից շեղվելն էր․
«Պրահայում, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, մեր բոոր հնարավորությունները փակվեցին ու բոլոր միջնորդների հնարավորությունները սպառվեցին։ Այսօր ռեալ խնդիր է արցախահայերի՝ իրենց բնակավարեր վերադարձնելու խնդիրը։ Այսօր չպետք է մոռանանք Արցախի հարցը ու սա ոչ միայն բարոյական, ազգային խնդիր է, սա նաև տարածքների խոցելիությունը թուլացնելու ճանապարհ է։
Արցախի հարցը մեր օրակարգում պետք է լինի, պետք է խոսել, որ այն մոռացված չէ։ Իսկ ովքեր փորձում են համոզել մեր ժողովրդին, որ Արցախի հարցը բարձացնելով վտանգում ենք Հայաստանը և հնարավոր է պատերազմ լինի, նրանք տգետ են ու դիվանագիտական անմեղսունակներ։ Ընդհակառակը այս հարցի ներմուծումն է նպաստելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,- ասաց Վարդան Օսկանյանը։
Օսկանյանի համոզմամբ՝ Հայաստանին պետք է իշխանափոխություն:
«Մեզ պետք են հմուտ, հեռատես, ազգային առաջնորդներ: Պետք է հրաժարվել նաև պատերազմի ցավից, պետք է առաջնորդվել Հայաստանի շահերով: Պետք է կարևորել նոր դաշնակցային բանակցությունների անցկացումը նույն վեկտորներով, բայց նոր իրողությունների հիման վրա. Հայաստանի դաշնակիցը հասկանում է դա։ Նրան նույնպես պետք են նոր մոտեցումներ, անհրաժեշտ է վերանայել դաշնակցային հարաբերությունները»,- ընդգծեց նախկին նախարարը։
Ըստ նրա՝ իշխանափոխության դեպքում դա հնարավորություններ կստեղծի ապահովելու Հայաստանի անվտանգությունը։ «Կարևոր է նաև վերջ տալ հասարակության բևեռացմանը։ Հայաստանը ոստիկանական պետություն դառնալու շեմին է»,- եզրափակեց Վարդան Օսկանյանը։
Աղբյուրը՝ YerevanToday