«Եթե ուզում ենք, որ մեր երկիրը մնա հայկական, այս շարժումը պետք է ընդգրկի ամբողջ Հայաստանը. այս ապազգային իշխանությունը պետք է հեռանա». Շիրակի թեմի առաջնորդ․ 168.am
Տավուշի մարզում բնակիչները շարունակում են փակ պահել Կիրանց-Ոսկեպար, ինչպես նաև այլ ճանապարհներ, պահանջելով դադարեցնել սահմանազատման գործընթացը, որը Տավուշում իրենց կյանքի ու ապրելու հետ համատեղելի չէ, քանի որ թշնամին հայտնվելու է ՀՀ տարածքում։
Տավուշի բողոքի ակցիաներին զուգահեռ՝ քաղաքացիներն այսօր փակել էին հանրապետական նշանակության մի շարք այլ ճանապարհներ ևս՝ Գեղարքունիքում, Արարատում, Լոռիում։ Երևանում նույնպես փակվեցին մի շարք կենտրոնական փողոցներ։
Տարբեր տեղերում փողոցներ փակած քաղաքացիները հայտարարում էին, որ այսպիսով իրենց զորակցությունն են հայտնում տավուշցիներին՝ կոչ անելով մյուս մարզերին ևս տեղերում իրականացնել բողոքի ու անհնազանդության ակցիաներ։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անդրադառնալով ժողովրդի ընդվզումներին, իհարկե, դժվարացավ ասել, թե դա կվերածվի՞ համաժողովրդական ըմբոստության, թե՞ ոչ, բայց հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, պե՛տք է վերաճի համաժողովրդական ընդվզման։
«Այլընտրանք չկա, եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր երկիրը մնա հայկական, այս ապահայկական և ապազգային իշխանությունը պետք է հեռանա։ Արդեն բոլոր-բոլոր անհնարինն ու հակահայկականն արել է։ Այո, այս շարժումը պետք է թափ հավաքի ու ընդգրկի ամբողջ Հայաստանը, և այս իշխանությանը պետք է հեռացնի և ոչ միայն հեռացնի, դեռ մի բան էլ ավելի։ Դեռ մի բան էլ ավելին՝ նկատի ունեմ արդար դատաստան՝ արդար դատավարություն և արդար հատուցում»,- նշեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Միքայել սրբազանն անդրադարձավ նաև ԱԺ նախագահի հայտարարությանը՝ Ադրբեջանից գազ գնելու վերաբերյալ, շեշտելով՝ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ստանալ իր նվաստացման հաշվին։
«Թեև չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան գազ ունի, որ պետք է մեզ բաժանի, բայց նվաստացման գինն է դա երևի։ Սա դարձյալ խոսում է այս իշխանության պլեբեյական մակարդակի մասին, սրանք ստամոքսից դուրս, ստամոքսից զերծ՝ որևէ բանի մասին մտածելու ունակ չեն, բարեկեցիկ ապրելուց բացի, այլ երազանք չունեն, այլ բանի մասին մտածելու ունակ չեն, և սա ողբերգություն է։ Գիտեք, ներքին ստորին հատվածներում ազգը կարող է այդպես մտածողներ ունենալ և մեծ քանակի, բայց պետության կառավարման ղեկին կանգնած մարդիկ մտածեն միայն այս ձևո՞վ, սա ազգային ու համազգային ողբերգություն է»,- շեշտեց սրբազանը։
Ըստ Միքայել սրբազանի՝ Հայաստանն Ադրբեջանից կարող էր գազ գնել այն դեպքում, երբ Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը կամ միությունը Հայաստանի հետ։ Նախիջևանն էլ վերադարձներ՝ որպես հատուցում իր գործած ցեղասպան քաղաքականության։
«Այս դեպքում կարող էինք գազ գնել Ադրբեջանից, բիզնեսն ազգություն չի ճանաչում, բայց միայն բիզնեսով չի կարող ամեն ինչ պայմանավորվել։ Մենք ունենք հնարավորություն ադրբեջանցիների հետ խաղաղ ապրելու, բայց այդ հնարավորությունն ադրբեջանցիների ձեռքում է՝վերադարձրեք այն, ինչը պատկանում է հայերին ու հայությանը, որ հանգիստ ու խաղաղ ապրենք»,- եզրափակեց Շիրակի թեմի առաջնորդը։
Աղբյուրը՝ 168.am