«Տավուշում հասկանում են, որ զորքերի ետ քաշումն բնագծերով ձգվող կահավորված առաջնագծից ոչ թե կանխելու է պատերազմը, այլ այն ավելի է մոտեցնելու ու մեզ համար ավելի դժվար է դառնալու պաշտպանվելը»․ Վարդանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Ֆեյսբուքից դուրս լրիվ այլ տրամադրություններ են:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում 3 անգամ եղել եմ Տավուշի մարզում, այցելել գյուղեր, շփվել մարդկանց հետ:
Քաղաքացին, ով 2 շաբաթ առաջ փորձում էր խոչընդոտել մեզ Տավուշից տարածքների զիջման մասին տեղեկատվական նյութեր պատրաստելու ընթացքում` պնդելով, որ նման բան չկա, երեկ ներողություն էր խնդրում և հետքրքրվում ինչպես կարող ենք միասին կանխել հերթական զիջումը:
3 այցերից ամեն մեկի ընթացքում ես տեսել եմ տարբեր տավուշներ: Երեկվա Տավուշը անհանգիստ էր, փնտրում էր անորոշությունների պատասխաններ, բայց նաև ակնհայտ էր հաստատակմությունը ՔՊ-ի առաջարկած օրակարգի մերժման վերաբերյալ:
Ինչպես բոլոր տեղերում, Տավուշում էլ, մարդիկ խաղաղություն էին ուզում, բայց նաև հստակ հասկանում էին, որ զորքերի ետ քաշումն բնագծերով ձգվող կահավորված առաջնագծից ոչ թե կանխելու է պատերազմը, այլ այն ավելի է մոտեցնելու ու մեզ համար ավելի դժվար է դառնալու պաշտպանվելը:
Փոխվել է նաև մեկ այլ բան. մարդիկ հստակ տեսնում են ստեղծված իրավիճակի մեղավորներին և պատասխանատուներին: Այլևս չեն խոսում Ռուսաստանի, Արևմուտքի, ընդդիմության մեղավորության կեղծ թեզերից, այլ հստակ ասում են, որ գործող իշխանություններն են ստեղծել այս վիճակը, որի հանդեպ կորցրել են վստահությունը:
Մարդիկ նաև կարիք ունեն իրենց մենակ չզգալու և տեսնելու, որ մնացածը ևս հասկանում են խնդրի լրջությունը:
Ուստի շատ լավ միտք կարող է լինել այս օրերին Տավուշ այցելելը, մարդկանց հետ խոսելը:
Ես վստահ եմ, որ հանրային արձագանքն է այս հարցում լինելու որոշիչը:
Եթե ցանկանում եք տեղում ունենալ կոնտակտային անձ, ով այցելության դեպքում ձեզ կօգնի անհրաժեշտ տեղեկատվությամբ կամ ցանկացած այլ հարցով, կարող եք կապ հաստատել Garnik Danielyan / Գառնիկ Դանիելյան-ի հետ, ով տեղում է, շրջում է գյուղեր, և պատրաստ է տարբեր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրավիճակն ու մանրամասներ»։