««Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն և ԱԶԲ-ն ստորագրել են 131,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, որն ուղղված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ադրբեջանական գտնվող հիմնական հատվածի արդիականացմանը»․ Դավթյան
«Մինչ Երևանում փորձում են պարզել, թե ով է, ի վերջո, մեղավոր «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային նախագծի ձախողման մեջ, Բաքուն հետևողականորեն աշխատում է համանուն միջազգային միջանցքից Հայաստանի դուրսմղման ուղղությամբ:
Տարածաշրջանում հաղորդակցության լիարժեք ապաշրջափակման հեռանկարներն ավելի ու ավելի հեռավոր են դառնում, իսկ «խաղաղության խաչմերուկ» նախագիծը վերածվել է քաղաքական առասպելաբանության տարրի։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում նոր տրանսպորտային ճարտարապետության ձևավորմանը միտված գործընթացները շարունակաբար թափ են հավաքում։
Օրեր առաջ Իրանի էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադին հայտարարեց Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկական ցանցերի սինխրոնիզացման մասին՝ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկական միջանցքի ձևավորման միջոցով:
Այսօր էլ հայտնի դարձավ, որ միջազգային կարևորագույն ֆինանսական հաստատություններից մեկը՝ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) երկարաժամկետ վարկ է տրամադրել Ադրբեջանին՝ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքների զարգացման նպատակով։
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն և ԱԶԲ-ն ստորագրել են 131,5 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր, որն ուղղված է «Հյուսիս-Հարավ» միջանցքի ադրբեջանական գտնվող հիմնական հատվածի արդիականացմանը։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 160,5 մլն ԱՄՆ դոլար, որից 29 մլն-ը կհատկացնի Ադրբեջանի կառավարությունը։ Վարկը տրամադրվել է 22 տարով, այդ թվում՝ 2 տարվա արտոնյալ ժամկետով, և ունի ճկուն տոկոսադրույք։
Ֆինանսավորումը նախատեսված է Սումգայիթ–Յալամա երկուղի երկաթուղու 166 կմ հատվածի վերակառուցման ավարտի համար, ներառյալ՝ քաղաքացիական կառույցների և անցումների արդիականացումը։ Վարկը կլրացնի երկաթուղային ոլորտի զարգացման ծրագիրը, որը մեկնարկել էր 2017 թ. և որի շրջանակներում ԱԶԲ-ն արդեն իսկ տրամադրել էր Ադրբեջանին 150 մլն ԱՄՆ դոլար։ Նոր ֆինանսավորումը հնարավորություն կտա զգալիորեն ընդլայնել նախնական ծրագիրը՝ ընդգրկելով ընդհանուր առմամբ 333 կմ գլխավոր երթուղի Սումգայիթից մինչև Յալամա։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերի 31-ին»։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան