Ագրեսորի «երկաթե բռունցքը»․ MONUMENT WATCH
2020 թվականի 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց «հաղթանակի» խորհրդանիշներ, որոնցից մեկն անմիջապես առնչվում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Դա այսպես կոչված «երկաթե բռունցքն» է: Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմի վերջին իր ելույթի ժամանակ, թվարկելով ադրբեջանական ուժերի կողմից գրավված շրջանների անվանումները, խոսելիս որպես «հաղթանակի» նշան ցուցադրում էր իր բռունցքը (https://az.sputniknews.ru/20210626/V-Gadrute-poyavilsya-Zheleznyy-kulak-427320540.html): Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից «երկաթե բռունցքն էր կոչվում օկուպացված տարածքների ազատագրման 2020 թվականի օպերացիան»:
Արդեն սկսած 2021 թվականից այս ժեստին Ալիևի կողմից տրվեց մեծ քարոզչական նշանակություն, որով վերջինս ցույց էր տալիս իր ուժը և «հայերին պատժելու, հարված հասցնելու, թշնամու գլուխը ջարդելու» պատրաստակամությունը (https://www.youtube.com/watch?v=MbTChh9cUwM): Օկուպացված Արցախ կատարած այցերի ժամանակ Ալիևը իր ելույթներն ուղեկցում էր և եզրափակում էր նման ժեստով: Այդ ժեստը նա կիրառում էր, երբ խոսում էր Հայաստանի և Արցախի մասին: Նույն 2021 թվականին ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց լայնորեն տարածել Ալիևի լուսանկարները համապատասխան ժեստով, իսկ Ադրբեջանում մեկնարկեց այսպես կոչված երկաթե բռունցքների արձանների տեղադրման շքերթը:
Ակնհայտ քարոզչական նպատակ հետապնդող այս սիմվոլները տեղադրվել են բացառապես օկուպացված Արցախում՝ Հադրութում (https://qafqazinfo.az/news/detail/hadrutdaki-demir-yumrugun-muellifi-danisdi-328095), Բերձորում (https://www.youtube.com/watch?v=0PGfU4CMgL8), Քարվաճառում (https://www.youtube.com/watch?v=UAt_GfTPtx0): Արցախում առաջին նման արձանը որպես յուրահատուկ խորհրդանիշ տեղադրվել է Հադրութ քաղաքի կենտրոնում՝ նշանավորելով այս կարևորագույն շրջանի գրավումն Ադրբեջանի կողմից:
Դատելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից տարածվող տեսանյութերի և ինֆորմացիայի, նման արձան նախատեսվում է տեղադրել նաև Ստեփանակերտում (https://www.youtube.com/watch?v=GSvgSPvPCoI): Պատահական չէ, որ Ստեփանակերտի օկուպացիայից հետո անմիջապես ապամոնտաժվեց Ստեփան Շահումյանի արձանը, իսկ համացանցում սկսեցին տարածել անգամ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի ապամոնտաժման թեման:
Ակնհայտ է, որ երկաթե բռունցքն իր մեջ կրում է ուղղակի ագրեսիա հայկականության ամեն մի դրսևորման դեմ: Այն որպես ադրբեջանական տիրապետության նշան տեղադրվում է Արցախում՝ խորհրդանշելով հայերի հանդեպ հաղթանակը և տարածքի գրավումը: Երկաթե բռունցքը ադրբեջանական կողմի համար հանդիսանում է հայկական Արցախը վերացնելու խորհրդանշան՝ իր բոլոր հետևանքներով: Այս գործընթացն ավելի արագ դրսևորում ստացավ Արցախի ամբողջական հայաթափումից հետո, երբ Ստեփանակերտում սկսեցին վերացնել հայկական ինքնությանն առնչվող ամեն մի խորհրդանիշ, Արցախի կառավարության և նախագահական շենքերից հեռացվեցին Արցախի զինանշանները, իսկ կառավարության շենքի գլխավոր ճակատին կախվեց երկաթե բռունցքի մեծադիր պաստառը:
2024 թվականի փետրվարի վերջին ոչնչացվեց Արցախի խորհրդարանի շենքը, իսկ մարտի 18-ին Իլհամ Ալիևը, այցելելով օկուպացված Ստեփանակերտ, Արցախի ազգային ժողովի շենքի և Ազատամարտիկների միության շենքի քանդումից հետո ձևավորված հարթակի վրա ելույթ ունեցավ բռունցքը բարձրացնելով և վառելով Նովրուզի խարույկը (https://t.me/bakinskiy_nord/35706?single): Ալիևն իր ելույթում նշեց, որ Արցախի ազգային ժողովի շենքը սատանայական որջ էր, իսկ նովրուզի խարույկը իրագործում է վերջնական մաքրագործման գործառույթը (https://t.me/Caucasian_bureau/74711):
MONUMENT WATCH