ԼՐԱՀՈՍ
21 Mar 2024

«Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն»․ Թաթոյան

«Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն»․ Թաթոյան

Չի՛ կարելի սեփական ժողովրդի մեջ սերմանել խուճապ ու հուսահատություն, անճարության զգացում, հետո ժողովրդին սպառնալ պատերազմով և «մեղա» գալով Ադրբեջանի առաջ` ապահովել նրանց օգտին «դելիմիտացիա»:

Չի՛ կարելի սահմանի անվտանգությունն առանձնացնել մարդուց: Անվտանգությունն առաջին հերթին մարդու համար է, իսկ մարդն այդ անվտանգությունը ստանում է սեփական պետության երաշխավորած իրավունքների շնորհիվ` արժանապատիվ ու ապահով կյանքից, խմելու ջրից մինչև սեփականության իրավունք ու ազատ տեղաշարժ:

Անվտանգությունն ու մարդկանց իրավունքները հիմնարար են պետական սահմանի որոշման հետ կապված միջազգային գործընթացներում։

Տեսե՛ք Սյունիքի, Վայոց ձորի ու Գեղարքունիքի սահմանային գյուղերում վիճակը` մարդիկ ապրում են առանց տարրական իրավունքների, առանց անվտանգ կյանքի, հողից ու ջրից զրկված:

Եվ հիմա նույն վիճակը ստեղծվելու է Տավուշում։

Սահմանային գյուղերում մարդիկ տանջանքով, մաքառումով ադրբեջանական հանցագործների կրակոցների վտանգի ներքո մշակում են առանց այն էլ ադրբեջանական օկուպացիայի պատճառով սահմանափակ հողերը, որ մի կերպ ընտանիքի եկամուտ վաստակեն, հիմա էլ ադրբեջանական զինված ծառայողները են բերվում Տավուշի գյուղերի մոտ:

Ի՞նչ է նշանակում` «ո՞րն է մեր տարածքը» կամ «կարո՞ղ եք ցույց տալ մեր տարածքը» կամ էլ «ադրբեջանական զորքերի` մեր տարածքից դուրս գալու հարցին պատասխանելու համար պետք է ֆիքսենք՝ որն է մեր տարածքը»:

Ինչպե՞ս կարելի էր երկիրը բերել այս վիճակի. սեփական [և թիմի] հայտարարություններով ամրացնել ադրբեջանական դիրքերն [ընդդեմ Հայաստանի] իրավական-դիվանագիտական հարցերում։

Սեփական պաշտոնի շահերից ելնելով` անընդհատ հերքել ադրբեջանական հանցանքները` դրանով նրանց տալ ուժեղանալու հնարավորություն ու հիմա պատերազմի վախերով ստիպել ժողովրդին համակերպվել ադրբեջանական առաջխաղացումների ու նոր տառապանքների հետ:

Իրար հաջորդող այս սխալների պայմաններում Ադրբեջանն էլ անվերջ կպնդի, որ չի ընդունում սահմանների ձեր «ֆիքսումը»։ Ստացվում է՝ պետք է անվերջ զիջել՝ հետն էլ, որպես արդարացում, հղում անել «պատմական» ինչ-որ «հանրագիտարանների»:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան