«Փաշինյանը կամ որևէ պաշտոնյա իրավունք չունի ինքնուրույն կայացնել զորքերը հետ քաշելու որոշում»․ Աննա Մկրտչյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ հիշեցրեց, որ դեռևս 1,5 տարի առաջ, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ կան խորհրդային քարտեզներ, տարբեր ժամանակահատվածներում գծված, որոնք տալիս են դելիմիտացիայի ու դեմարկացիայի ամբողջական պատասխանները։
«Դեռ այն ժամանակ մենք ի պատասխան նրան՝ պնդում էինք, որ չկան այդ քարտեզները, հստակ չեն։ Անգամ, եթե ինչ-որ տեղում այդ քարտեզները գտնվում են, դրանք չեն կարող պետական սահմանի սահմանազատման, առավել ևս՝ երկկողմ պայմանագրի հիմք հանդիսանալ, որովհետև դրանք Խորհրդային Միության ներքին օրենսդրության համապատասխան գծված քարտեզներ են։ Դրանք եղել են խորհրդային համայնքների կամ այդ համայնքների միավորների կողմից ընդունված քարտեզներ, որոնք պետությունների սահմանների որոշման հետ կապ չունեն։
Հետո նրանք մոռացան այդ քարտեզների մասին, ասացին, թե ի՞նչ կապ ունեն քարտեզները, չէ՞ որ կա վարչատարածքների բաժանումների մասին օրենք։ Հիմա Նիկոլն իր իշխանությունն է պահում, և այդ քարտեզներից որևէ մեկն իրեն ու իր թուրք-ադրբեջանական տերերին ձեռք չի տալիս։
Կարծում եմ՝ ՀՀ Զինված ուժերը որտեղ ունեն ստորաբաժանումներ, բնականաբար, մինչև Նիկոլ Փաշինյանի գրավոր և բանավոր համաձայնությամբ դրանք հանձնելը, ՀՀ տարածքներ են։ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ պետական մարմին իրավունք չունի ինքնուրույն կայացնել որոշում հետքաշման։ Դրանք պետական հանցագործություններ են, իրենց մեջ պարունակում են հանցակազմեր»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։
Փոխանցում է Yerkir.am-ը