ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
10 Jun 2022

Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի համադրված շահը՝ ընդդեմ հայոց պետության

Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի համադրված շահը՝ ընդդեմ հայոց պետության

Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական վերնախավերին և Փաշինյանի վարչախմբին միավորող լեյտմոտիվը, ինչպես բազմիցս ապացուցվել է, հայաստանյան պետականության կազմալուծման ուղղությամբ հետևողական ջանքերն են։ Մեկ Ալիևը, մեկ էլ Փաշինյանն են մատ թափ տալիս արցախյան գոյամարտում հաղթած գեներալների վրա ու նրանց վերագրում հնարավոր բոլոր մեղքերը։ Մեկ Չավուշօղլուն, մեկ էլ «Օմեգա» գործակալական անվամբ հայտնի դարձած Արարատ Միրզոյանն են ընդդիմությանը մեղադրում հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսության փորձերը խաթարելու համար՝ կրծքով պաշտպանելով Փաշինյանին։ Մեկ Ալիևը, մեկ էլ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն են Գարեգին Նժդեհին ֆաշիստ համարում։ Մի բռունցք դարձած՝ Էրդողանը, Ալիևն ու Փաշինյանը ՀՀ նախկին նախագահներից երկուսին անվանում են «ռևանշիստներ»։ Ճիշտ է, եթե Ալիևը՝ Արցախը դարձյալ կորցնելու, ապա Փաշինյանը՝ միայն սեփական իշխանության կորստի վախից դրդված։

Թշնամական պետությունների ղեկավարների հետ պաշտոնական Երևանի խոսույթն առավել համաձայնեցված է ու համընկնող, քան անգամ ռազմավարական դաշնակցի։ Ստացվում է՝ սա կամակատար, կոլաբորացիոնիստական և դրածո իշխանություն է, որի պարագլուխը թշնամի երկրների ղեկավարների համար մե՛կ ծաղրի առարկա է, մե՛կ՝ պաշտպանության օբյեկտ «ազգայնական ուժերի ներքին հարձակումներից»։ Միջազգային հարթակներում Փաշինյանը վաղուց այլևս լուրջ ընկալում չունի և պահվում է բացառապես ուժային կենտրոնների՝ Հայաստանից առավելագույնը կորզելու կոնսենսուսի հիման վրա։ Փաշինյանի թուլության ամենախոսուն վկայությունը նրան պարբերաբար օգնության հասնող Էրդողանի և Ալիևի պնդումներն են, թե իրենք Հայաստանում իշխանափոխություն թույլ չեն տա։

Մինչև պատերազմը ինքնիշխանության որակական բարձրացումից, Սևրի պայմանագրի գործունակությունից, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերանայումից բարբաջող իշխանությունն իրեն վստահված կենսատարածքը նվազեցրել է ավելի քան տասը հազար քառակուսի կիլոմետրով։ Առնվազն նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը հիմնիվեր կորցրել է և՛ արտաքին, և՛ ներքին լեգիտիմությունը։ Նրա ղեկավարած պետությունն ու բանակն ի զորու չեն անգամ վերահսկելու Ադրբեջանի հետ պետական սահմանագիծն ու կանխելու թշնամու առաջխաղացումը մեր խոր թիկունք։

Դժվար է գտնել պատմական մի կերպարի, որը սեփական հայրենիքի հանդեպ նման հանցավոր անհոգությամբ համեմատելի կլիներ Փաշինյանի հետ։ Նույնիսկ մեկ դար առաջ Առաջին հանրապետության հիմքերը մաշեցրած և այն կապիտուլյացիայի շեմին հասցրած հայ բոլշևիկները, օրինակ՝ Ալեքսանդր Մյասնիկյանը, խորհրդային Հայաստանի հռչակումից հետո շատ ավելի պետականամետ ու ինքնաբավ էին գործում։ Փաշինյանը ելել է պետության դեմ այնպես, ինչպես, օրինակ, ամենազազրելի հայ բոլշևիկը՝ Ավիս Նուրիջանյանը, որն Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքումից հետո դաշնակցականների հանդեպ իրականացված ոճրագործությունների պարագլուխներից էր։ Իրավիճակը խիստ համեմատելի է 2018-ից ի վեր ազգային գործիչների և հաղթանակի հրամանատարների նկատմամբ անսքող հետապնդումների հետ, ընդհուպ մինչև նրանցից մի քանիսին, օրինակ՝ Մանվել Գրիգորյանին, իսկ օրեր առաջ՝ Արամ Սիմոնյանին, մահվան դուռը հասցնելը։ Լավ կլինի, սակայն, որ Փաշինյանն աչքի առաջ ունենա նաև տխրահռչակ Ավիսի հետագա ճակատագիրը՝ նրա ձերբակալումն ու գնդակահարությունը։

Ներկայիս իրավիճակն իրապես բավական նման է մեկ դար առաջվա անցքերին, երբ Առաջին հանրապետության դրամատիկ անկմանը հաջորդեց զուտ նոմինալ պետականությունը՝ բոլոր հարցերում Կենտրոնի բարեհաճությունից կախյալ։ Ո՛չ հարյուր տարի առաջ, ո՛չ էլ այսօր Հայաստանը չունի բավարար ուժ՝ կենսագործելու միջազգային իրավունքի՝ իրեն վերաբերող հիմնարար սկզբունքները։ Կորսված են մեր պետականության ստեղծարար արժեքները, ինքնիշխանությունը, Արցախի մեծագույնը մասը, ազգային ինքնագիտակցությունն ու հաղթանակի հպարտությունը, ի վերջո՝ բանակի մարդկային և նյութական ռեզերվի ահռելի հատվածը։ Պետության ողնաշարին հասցվել է անվերականգնելի հարված, որից հետո դարձյալ մեջքը շտկելն ու ոտքի կանգնելը պահանջում է վերմարդկային ճիգեր։

Ամենաստորացուցիչն այն գիտակցումն է, որ հայրենի իշխանությունն ինքը թույլ չի տալիս վերադառնալ հաղթական բանակի, պետականության վերականգնման, շենացվող Արցախի մասին երազանքին և դրա իրագործմանը։ Ժամանակին ոմանք անգամ Նախիջևանի վերադարձի հետ էին հույսեր կապում, իսկ այսօր պաշտոնապես արգելված է նույնիսկ Շուշիի մասին խոսել, Արցախի Հանրապետությունն այս իշխանության համար դարձել է առոչինչ, հարվածի տակ է դրվել անգամ Սյունիքի հայկականությունը։ Ի՞նչ անուն տալ նմանատիպ իշխանությանը, եթե ոչ թուրք-ադրբեջանական ալյանսի սպասարկու։

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան