ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
24 Jun 2022

Հայաստանի տնտեսական էքսպանսիան՝ գործողության մեջ

Հայաստանի տնտեսական էքսպանսիան՝ գործողության մեջ

Երեսպաշտության ավելի բարձր դոզավորում, քան Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացմամբ Հայաստանի բնակչության կենսամակարդակի շեշտակի բարձրացման անդուլ քարոզն է, թերևս չկա։ Հայրենական տնտեսությունը զուրկ է այնպիսի ապրանքներից ու ծառայություններից, որոնց ներմուծմամբ շահագրգիռ կլինեին թշնամական երկու երկրները։ Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը լայնորեն սուբսիդավորում են գյուղատնտեսության ոլորտը, և մեր գյուղմթերքը նրանց արտադրանքի համեմատությամբ հասկանալիորեն մրցունակ չէ։ Ճիշտ հակառակը կարող է լինել. թուրքական էժան գյուղմթերքը կարող է լայնորեն հորդել հայաստանյան շուկա՝ վերջնականապես խարխլելով առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայ գյուղացու արտադրանքի առաջարկը։ Հարկ է հիշել նաև, որ Թուրքիան Հայաստանից որևէ ապրանք պաշտոնապես չի էլ ներմուծում, մինչդեռ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Հայաստանում գործեց ընդամենը հետպատերազմյան մեկ տարում՝ 2021 թ, բայց անգամ այդ ընթացքում, չնայած սննդամթերքի ներմուծման սահմանափակմանը, թուրքական հումք և սարքավորումներ շարունակում էին ներկրվել։

Հայաստանյան տնտեսությունը՝ թույլ դիվերսիֆիկացված, առավելապես ներքին պահանջարկի բավարարման վրա հիմնված և ցածր արտադրողականությամբ, որևէ բան չի կարող առաջարկել թշնամի հարևաններին։ Ի՞նչ է, թուրքական մեքենաշինությա՞ն, թե՞ ադրբեջանական ածխաջրածնային արդյունաբերության հետ ենք մրցելու։ Առավելագույնը, որը կարող է հետաքրքրել Հայաստանին սահմանակից որևէ երկրի, մեր տարանցիկ հնարավորություններն են, տրանսպորտային ոլորտի զարգացումը, ապրանքների առաքման առավել կարճ երթուղիներ առաջարկելը։ Ադրբեջանն ու Թուրքիան, սակայն, ոչ թե զուտ տարանցիկ ճանապարհով, այլ հենց մեր ինքնիշխանության զիջման հաշվին ենթադրվող միջանցքի բացմամբ են հետաքրքրված։ Փաստն այն է, որ ո՛չ Բաքվի, ո՛չ էլ Անկարայի հետ Երևանը չի կարող ունենալ այնպիսի ընդհանուր տնտեսական շահ, որը կստվերի կաթվածահար անվտանգության գործոնը։

Եթե Սյունիքի լայնքով բացվելիք ճանապարհի կամ միջանցքի սահմանապահ զորքերի և անձնագրային ստուգման, մաքսազերծման, բուսասանիտարական հսկման ծառայությունները վստահվեն որևէ երրորդ, անգամ բարեկամ երկրի, Հայաստանը վերջնականապես կկորցնի և՛ վերահսկողությունը, և՛ ինքնիշխանությունն իր տարածքի մի մասի նկատմամբ։ Դրա փոխարեն Հայաստանի որևէ արժանապատիվ իշխանություն կարող էր քննարկել, օրինակ, Բաքվի կողմից որոշակի պայմանների բավարարման դեպքում բացառապես սեփական ինքնիշխանության ներքո, բայց երրորդ երկրների համար տարանցման կամ շահագործման հնարավորություն նախատեսող ճանապարհի, բայց ոչ երբեք միջանցքի, տարբերակը։ Իսկ թշնամին քո իսկ տարածքում քեզ համար կարող է տարիֆային սանդղակի՝ ընդհուպ մինչև աստղաբաշխական չափ սահմանել։

Բաքուն այսօր քննարկում է ոչ թե Հայաստանի ավտոճանապարհների և երկաթուղու ապաշրջափակման հարցը, որը նախատեսված է երեք եռակողմ հայտարարություններով, այլ բացառապես Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք ստանալու պահանջ է առաջ քաշում։ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական և քարոզչական բոլոր քայլերն ուղղված են դրան՝ որպես կենսական նշանակության խնդրի լուծում, և այդ ճանապարհին նվազագույն խոչընդոտ առաջանալու դեպքում Ալիևն սպառնում է նոր պատերազմով կամ միջանցքն ուժով բացելու հեռանկարով։ Հայաստանը դրան համարժեք որևէ այլ ռազմավարական ճանապարհ ոչ միայն չի ստանում, այլև զրկվում է արդեն եղածներից՝ Վարդենիս-Մարտակերտ, Գորիս-Կապան, հիմա էլ՝ Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղուց։ Սակայն ինչ-որ զարմանալի շտապողականությամբ Երևանն արդեն իսկ հասցրել է Բաքվի հետ պայմանավորվել երկաթուղային բեռնափոխադրման վերաբացման հարցի շուրջ՝ բեռնատար տրանսպորտի և ուղևորափոխադրումների վերագործարկումը թողնելով հեռու ապագային։

Այս հեռանկարում՝ Հայաստանում չկան և չեն լինի տեղական և օտարերկրյա խոշոր ներդրումներ, քանի դեռ խաթարված են կայունությունն ու անվտանգությունը։ Համաշխարհային բանկը վաղուց է արձանագրել, որ ներդրումային միջավայրի առաջնահերթ պայմանը քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունն է, իսկ այդ հարցում Հայաստանն այսօր, թերևս, տարածաշրջանի հետնապահն է։ Հայաստանյան բնակչության գնողունակությունն ակնհայտորեն ընկել է, առաջնային սպառման ապրանքների գնաճը՝ հատել թույլատրելի բոլոր շեմերը, էապես կրճատվել են նաև բարձր աշխատավարձերով աշխատատեղերը։ Հայաստանում ժամանակավորապես ապաստանած մի քանի տասնյակ հազար ռուսաստանցի ծրագրավորողների ընտանեկան ծախսերը բնավ չեն կարող մեղմել այն ահռելի տնտեսական բացը, որն առաջացել էր դրանից առաջ ու վստահաբար կպահպանվի նաև նրանց հեռանալուց հետո։ Միով բանիվ՝ առավել քան հիմնավոր նախադրյալներ կան հայրենական տնտեսության թյուրքական էքսպանսիայի համար։ 

Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան