ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
01 Jul 2022

Սովորական դավաճանություն․ Բերձոր

Սովորական դավաճանություն․ Բերձոր

Բերձորի և հարակից գյուղերի նախապատրաստվող անարյուն հանձնումը, ՀՀ վարչապետի, ապա Արցախի նախագահի կողմից դրա անհրաժեշտության հիմնավորումը տևական դավաճանական արարների հերթական հանգրվանն են։ Արդեն ոչ միայն Փաշինյանի վարչախմբի, այլև Ստեփանակերտում գործող իշխանությունների համար Արցախը փաստացի գոյություն չունի, նրանք չեն սպասարկում հայկական շահը և Հայաստանն ու Արցախը վաղուց դուրս են թողել ոչ միայն արտաքին հարաբերություններից, այլև իրենց սեփական օրակարգերից։ Որևէ քայլ, հանդիպում, ջանք, հարցադրում հերթական հայկական բնակավայրերը փրկելու ուղղությամբ ոչ միայն չի արվում, այլև բնում խեղդվում են Բերձորի և Աղավնոյի բնակիչներին ամեն գնով այնտեղ պահելու, ավելին՝ անգամ Լաչինի միջանցքի երկայնքով տեղահանվածների վերաբնակեցում սկսելու հանրային առաջարկները։


Հանրային իշխանության որևէ ինստիտուտ սեփական առաքելությունը չի իրականացնում։ Ամիսներ առաջ գոնե մարդասիրական թեմաներով շարունակաբար անհանգստություն հայտնող մարդու իրավունքների պաշտպան կար, սակայն այդ պաշտոնում Արման Թաթոյանին փոխարինել է իշխանության հերթական կամակատարը՝ լռության երդվյալ ուխտը շալակած։ Այս իշխանության ստորությունը բավում է ոչ միայն արգելակելու Բերձորը, Աղավնոն և Սուսը հայաթափելու դեմ ելած սակավաթիվ հանրային-քաղաքական ուժերի նախաձեռնությունները, այլև հիմնավորելու, որ դրանք ևս իբր ոչ հայկական բնակավայրեր են։ Վաղուց ապացուցման ենթակա չէ, որ այս վարչախմբի համար ո՛չ Հայաստանն է թանկ, ո՛չ էլ հայ ժողովրդի շահերն են առաջնային, բայց չէ՞ որ փոքր-ինչ տեղեկացված քաղաքացին չպետք է հանդուրժի այս հերթական դավադիր գործարքը ևս միֆական «նախկիններին» վերագրելու փորձը, այն դեպքում, երբ Լաչինի միջանցքի հանձնումն անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանն է հակոտնյա։


Ցավոք, հայրենիքի հերթական հատվածի օտարումից հետո ևս կոլաբորացիոնիստական իշխանությունը ենթադրաբար շարունակելու է պաշտոնավարումը։ Որևէ կառույցում կամ գործընկերների ու թշնամիների հետ հարաբերություններում ներկայացնելով ազգային-պետական շահերին ճիշտ հակադիր թեզեր՝ այս վարչախումը շարունակելու է հանդես գալ եռագույն դրոշի ներքո։ Արտասահմանյան մամուլը Հայաստանին և մեր իշխանությանն անդրադառնալիս դարձյալ պիտի մի շարք անպատվաբեր գնահատականներ տա, արձանագրի ոչ միայն թշնամի Ադրբեջանի, այլև դաշնակից Ռուսաստանի ղեկավարի ակնհայտ քամահրական վերաբերմունքը Հայաստանի փաստացի առաջնորդի նկատմամբ։


Հայ ժողովրդի պատվազուրկ վիճակն ավելի է խորանալու ամեն մի հաջորդ զիջմամբ։ Չբավարարվելով ձեռք բերածով՝ Ալիևն ավելի ու ավելի սպառնալից ու հոխորտանքով է ճոճելու իր բռունցքը։ Հայաստանի նախկին առաջնորդների առաջ շողոքորթ ժպիտ բանեցնող բռնապետն այսօր իրեն տարածաշրջանի տիրակալ է երևակայում, որի բարի կամքից է կախված՝ հայ ժողովուրդն առհասարակ ապրելու իրավունք կունենա՞, թե՞ ոչ։ Եվ Ալիևի ամեն հաջորդ ստորացում մարսող Փաշինյանն արդարանալու է, թե իբր Բաքվում պահվող հայ գերիներին չվնասելու մղումով է, որ չի պատասխանում նրան, ասես մեր հարյուրավոր գերիներին խոշտանգելիս Բաքվում պիտի Փաշինյանի հռետորիկայով առաջնորդվեն։


Ի հակադրություն իշխանության թշնամական օրակարգի, քաղաքականի փոխարեն՝ մենիշխանական և բացարձակապետական հակումների՝ հանրային-քաղաքական օրակարգը պետք է վերաձևակերպվի Արցախի՝ իբրև առանցքային գաղափարի, փրկության շուրջ։ Ցանկացած ներքաղաքական գործընթացի արդյունավետության գնահատման հիմք պետք է դառնա բացառապես մեկ ցուցիչ՝ այդպիսով հնարավոր կլինի՞ փրկել Արցախը վերջնական օտարումից։ Պոպուլիզմի փոխարեն՝ հայաստանյան քաղաքական դաշտը պետք է համարձակություն ունենա չափավոր ազգայնականության դիրքերից առաջ քաշելու Հայաստանի ինքնիշխանության վերականգնման հայեցակարգ և այդպիսով ազդեցիկություն ձեռք բերի։


Որևէ քաղաքական իշխանություն հավերժ չէ, և վաղ թե ուշ՝ հայոց պետականության ընթացիկ փուլը կերտողների, ավելի ճիշտ՝ այդ էջը մեկընդմիշտ խորտակողների անունները խարան են դառնալու ապագա սերունդների համար, ինչպես Վեստ Սարգսինն ու Մելիք Ֆրանգյուլինը։

Ձեռագրերը չեն այրվում, իսկ պատմությունն ամեն ինչ մանրամասնորեն արձանագրում է, այնպես որ՝ բախտորոշ այս ժամանակներում ցանկացած քաղաքական գործչի ամեն մի խոսք ու քայլ, ստորագրություն կամ անգործություն դառնալու է ոչ միայն իրավաքաղաքական, այլև պատմական և բարոյական պատասխանատվության հիմք։ Արթուր Քոնան Դոյլի «Չարլզ Ավգուստոս Միլվերթոնի վախճանը» պատմվածքում Շերլոք Հոլմսն ասում է․ «Կան որոշ հանցագործություններ, որոնք օրենքը չի կարող կանխել։ Անձնական վրեժը երբեմն արդարացված է լինում»։ Իսկ դավաճանի և ներքին թշնամու պիտակով խարանվելուց ավելի սարսափելի վրեժ անպատկերացնելի է։


Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան