Բաքվի խունտայի խղճուկ ու ողորմելի կամակատարը
Վերջին մի քանի օրերին, ինչպես և հետպատերազմյան մեկուկես տարում, Նիկոլ Փաշինյանի և ԱԺ-ում նրա խամաճիկային խմբակցության անդամների թրքահաճ և դավաճանական հայտարարությունները, Արցախից հրաժարումն ու այն Ադրբեջանի իրավասության ներքո դնելը, նոր պատերազմի սպառնալիքով վախեցնելը պետք է արժանանան պատշաճ քրեաիրավական գնահատականի։ Կախյալ իրավապահ համակարգը, սակայն, չի անի դա, քանի դեռ իշխանափոխություն տեղի չի ունեցել, հետևաբար՝ կարևոր է հականե-հանվանե արձանագրել ՔՊ-ականների բոլոր թշնամահաճ ելույթներն ու պահպանել որպես ապագա քրեական գործերի նյութերի հիմք։ Միայն պատերազմի ընթացքի մասին արդեն իսկ հրապարակված տվյալների, օրինակ՝ Շուշիի անկման պատճառների սեփական խոստովանության, նաև՝ հետպատերազմյան օրերին մամուլում հրապարակված տվյալների համար Փաշինյանն առնվազն մի քանի ծանր հանցադրվագով պոտենցիալ մեղադրյալ է։
Աբսուրդի ժանրի նորանոր գլուխգործոցներ սահմանող դատախազությունն ու քննչական մարմինները, պարզ է, հանցագործության մասին այդ հրապարակային հաղորդումները պատշաճ կերպով չեն քննի։ Օրինակ՝ մեկուկես տարի անց այդպես էլ հերքված չէ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի (առավել հայտնի իբրև «Օմեգա»)՝ թուրքական հատուկ ծառայությունների գործակալ լինելու թեզը, այն դեպքում, երբ ընդամենը մի քանի ժամում կարելի էր ձեռագրաբանական փորձաքննությամբ պարզել այդ պնդման իսկությունը։ Ամեն դեպքում, նա հաստատել է իր ընդդիմադիր տարիներին ԱԱԾ-ի գործակալ լինելու փաստը, և ակնհայտ է, որ այդ թիմում նա բնավ միակը չէ, որ կարող էր հավաքագրված լինել օտարերկրյա, այդ թվում՝ թշնամական պետությունների հատուկ ծառայությունների կողմից։
ԱԺ-ի ամբիոնից Փաշինյանի կոկորդիլոսի արցունքները ոչ միայն որևէ լույս չսփռեցին պարտության իրական պատճառների վրա, այլև բարոյական անկման նոր հատակ սահմանեցին, որը, վստահաբար, վերջինը չէ։ Իշխանությունը գերադասում է պատերազմի հանգամանքները բացահայտել միջին և ցածր սպայական օղակների ներկայացուցիչների նկատմամբ հարուցված հարյուրավոր քրեական գործերի միջոցով, հիմնականում՝ դասալքության մեղադրանքով։ Պարզ է, որ ո՛չ այդկերպ, ո՛չ էլ առավել ևս գրպանային պատգամավորներով համալրված քննիչ հանձնաժողովի միջոցով պարտության պատճառները երևան չեն գալու, պատշաճ քննություն չի իրականացվելու, իսկ պատերազմի դավադիր ընթացքի մասին ամբողջ տեղեկատվությունը պարզապես պարտակվելու է։
Շարքային կազմի զինծառայողների, կամավորականների և պահեստազորայինների, անգամ զենքի մատակարարների նկատմամբ իրականացվող դատական գործընթացները որևէ կերպ չեն նպաստելու պարտության իրական մեղավորի վերհանմանն ու քրեական դատապարտմանը։ Ռազմաքաղաքական իշխանության և նախևառաջ գործադիր իշխանության ղեկավարի առնվազն խոսքային դավաճանությունների մասին հրապարակումներն այս ընթացքում անհաշվելի են, դրանք անգամ հատուկ թղթածրարով հանձնվել են գլխավոր դատախազությանը, բայց, բնականաբար, որևէ քրեաիրավական գնահատականի չեն արժանացել։
Զավեշտալի էր, որ ընդդիմության փաստաթղթավորած այդ տրցակներն իշխանությունն ուղարկեց իր խամաճիկային, այսօր արդեն լուծարված Հատուկ քննչական ծառայություն՝ միացնելով գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հաղորդումների հիմքով հարուցված քրեական գործին։ Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունն իր մահավճիռը չի ստորագրելու և ինքն իրեն պետական դավաճանություն չի մեղսագրելու։ Բացի նախաքննության մարմինների և դատախազության աշխատանքի փաստացի վերահսկումից՝ Փաշինյանը կոպտորեն միջամտում է նաև քրեական արդարադատության իրականացմանը՝ իր օգնականի միջոցով կոնկրետ վարույթներն ուղղորդելուց մինչև իր ընդդիմախոսների հակաիրավական կալանավորումներ։ Ավելին, համաժողովրդական ցասման նոր անխուսափելի ալիք առաջանալու դեպքում այս իշխանությունը կարող է, օրինակ, դարձյալ ռազմական դրություն սահմանել և այն ի չարս գործադրել ընդդիմության հանրահավաքներն ու առհասարակ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակելու համար։
Մինչ այդ Փաշինյանը կշարունակի կենցաղային մակարդակով անխոչընդոտ կերպով կյանքի կոչել թշնամու հետ բոլոր պայմանավորվածությունները, նախևառաջ՝ Ադրբեջանի կամքով և նրա թելադրմամբ սահմանորոշումը՝ բոլոր գերակա դիրքերն ու բարձունքները հանձնելով, բայց անունը սահմանազատում և սահմանագծում դնելով։ Սահմանորոշմանը վերաբերող այդ ակտերն իրավականորեն ի սկզբանե առոչինչ ու ապօրինածին են, քանի որ վարչապետը նման փաստաթղթեր ստորագրելու իրավասություն չունի։ Տավուշից մինչև Սյունիք և Արցախ՝ իրականացվողը ոչ թե միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների ու նորմերից, այլ բացառապես Ալիևի քմահաճություններից բխող միակողմանի գործընթաց է, իսկ փաշինյանական իշխանությունը՝ Բաքվի խունտայի մի խղճուկ կամակատար:
Հեղինակ՝ Դավիթ Սարգսյան