«Հայաստանը հաշվի չի առնում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը»․ Լավրով
Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
«Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասենք՝ մտացածին պատրվակներով, աղավաղելով վերջին երեք- երեքուկես տարիների պատմությունը, գիտակցաբար շարժվում է Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները խաթարելու ճանապարհով՝ զրպարտելով մեր զինվորականներին, որոնք ծառայություն են անցնում 102-րդ ռազմաբազայում, զրպարտելով մեր սահմանապահներին, զրպարտելով, ընդհանուր առմամբ, ՀԱՊԿ-ը»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը, և ընդգծել, որ Հայաստանը հաշվի չի առնում այն փաստը, որ հենց ՀԱՊԿ-ն է ծանր իրավիճակներում բազմիցս պաշտպանել Երևանի շահերը։
Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստանում ԵՄ-ի առաքելության գործունեությանը։
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության։ Այժմ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից զինվորականներ են ուղարկվում այնտեղ՝ Եվրամիության առաքելությունը վերածելով Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելության»,- ասել է նա։
Աղբյուրը՝ ABC MEDIA