Ադրբեջանում ահաբեկչություն է կանխվել
Ադրբեջանում ձերբակալվել է մի տղամարդ, որը պատրաստվում էր սպանել Լենքորան քաղաքի քաղաքապետին․ հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
«Պետական անվտանգության ծառայության կողմից իրականացված հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ադրբեջանի քաղաքացի Բահրուզ Ասկերովը, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկ քաղաքում, այլ անձանց հետ դավադրություն կազմակերպելով, ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Ադրբեջանի տարածքում։
Պարզվել է, որ Բահրուզ Ասկերովը գաղտնի հարաբերություններ է հաստատել հանրապետության տարբեր շրջաններում ապրող անձանց հետ, նրանց հանձնարարել է սպանել Լենքորան քաղաքի գործադիր իշխանության ղեկավարին», – նշել են գերատեսչությունում։
Պետական անվտանգության ծառայությունը նաև հաստատել է, որ ձերբակալված քաղաքացին հանձնարարել է մահափորձ իրականացնել Ադրբեջանի որոշ շրջաններում անգլերեն դասավանդող օտարերկրյա քաղաքացիների վրա։
Պետական անվտանգության ծառայությունը նաև հավելել է, որ ձերբակալվածը ծրագրել է զորավարժություններ կազմակերպել օտարերկրյա պետության տարածքում՝ այն մարդկանց մասնակցությամբ, որոնց հետ գաղտնի կապ է ունեցել։
Աղբյուրը՝ ABC MEDIA