Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին
Դատարանը հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Սամսոնյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ձերբակալվել էր «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
ՔԿ հաղորդագրության համաձայն՝ վերջինս ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ Նարեկ Սամսոնյանին բռնել են, որ փակեն «Իմնեմնիմի» հաղորդաշարը։
Րոպեներ առաջ դատարանը որոշեց 2 ամիս ժամկետով կալանավորել «Իմնեմնիմի» հաղորդման հեղինակ Վազգեն Սաղաթելյանին։
Նրան կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր Շենգավիթի նստավայրի դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Հիշեցնենք՝ այսօր բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալել են հասարակական գործիչ Վազգեն Սաղաթելյանին՝ իշխանությանը հայհոյելու մեղադրանքով։
Սաղաթելյանի փաստաբան Արմեն Բաբայանը «Facebook» սոցիալական էջում գրել էր, որ դատարանը մերժել է Սաղաթելյանի հետ մի քանի պատգամավորների հանդիպումն ու ավելացրել․
«Նախկինում պատգամավորներն անարգել մուտք են գործել քննչականներ եւ անարգել հանդիպել են ձերբակալվածներին»։
Աղբյուրը՝ ABC MEDIA