«Այս իշխանությունը ջանքեր չի գործադրում, որպեսզի վերադարձի հարցը բերի բանակցային սեղան». Հակոբ Հակոբյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը
– Պարո՛ն Հակոբյան, խորհրդարանում՝ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով Արցախից բռնի տեղահանմանը, ասել է, թե իրենք ամեն ինչ արել են, որ հայաթափում չլինի, բայց Արցախի քաղաքական էլիտան՝ ի տարբերություն իրենց, «ԼՂ-ում իշխանություն փոխեց ու հանձնեց Արցախը»։ Ձեր գնահատականը խնդրեմ այս հայտարարության վերաբերյալ։
– Իրականությունը խեղաթյուրող հերթական հայտարարությունն է։ Ուղղակի ասել, որ ամեն ինչ արեցինք, որպեսզի Արցախը չհայաթափվի, բայց գոնե մեկ գործողություն չմատնանշել, որը միտված էր դրան, մեղմ ասած, այնքան էլ լուրջ չէ։ Շուրջ տասը ամիս շրջափակման մեջ մնացած 120 հազար մարդկանց, որ արդեն օրվա հացը չէին կարողանում գտնել, ասել, թե մենք ամեն ինչ արեցինք, իսկ դուք չմնացիք Արցախում, դա առնվազն փաստերի խեղաթյուրում է ու սեփական մեղքի բաժինը ուրիշի վրա բարդելու՝ իրենց համար ավանդական դարձած քայլ։
Ինչ վերաբերում է Արցախում իշխանությունը փոխելուն ու Արցախը հանձնելուն, ապա պետք է ասեմ, որ Արցախի գործող նախագահի հրաժարականից հետո է ձեռնարկվել այդ քայլը, որովհետև այդ նույն քաղաքական էլիտան խնդիր ուներ փրկելու Արցախի նախագահական ինստիտուտը։ Իսկ իրենք ի՞նչ էին մտածում, նոր նախագահ չպե՞տք է ընտրեինք ու ասեինք, որ այլևս այդ ինստիտուտը գոյություն չունի։ Այս ամենը սեփական մեղքի բաժինը ուրիշի վրա բարդելու հերթական մանիպուլյացիան է, որն այս իշխանություններին բնորոշ է․ իրենք «ամեն ինչ արել են», բոլորը մեղավոր են՝ բացի իրենցից։
– Նկատի ունենալով այս ընթացքում կատարվող գործողությունները, ի՞նչ հույսեր ունեք, որ այս իշխանությունը այնպես կանի, որ հնարավոր կլինի արցախահայության վերադարձ Արցախ։
– Այս պահի դրությամբ՝ մենք չենք տեսնում որևէ քայլ, որը միտված կլինի վերադարձին, համենայնդեպս, դա ակնառու չէ, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանում ներկայումս գտնվող բռնի տեղահանված արցախահայության նկատմամբ իրականացվող բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն նրանց վերադարձին, բայց այսօր որևէ մեկ ծրագրի մեջ մենք չենք տեսնում վերադարձին միտված որևէ գործողություն։ Այս իշխանությունը ջանքեր չի գործադրում, որպեսզի վերադարձի հարցը բերի բանակցային սեղան, ու Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ընթացքում այն քննարկվի։
– Իսկ դա ինչո՞վ եք բացատրում, պարո՛ն Հակոբյան։
– Իշխանությունները բացահայտ հայտարարում են, որ այս պահին իրենց քաղաքական օրակարգում չկա նման հարց, ու շատ ցավալի է, որ նրանք ուղղակի ուզում են Արցախից բռնի տեղահանվածներիս սոցիալական հարցերը լուծել զուտ այդ առումով, այլ ոչ թե ստեղծել բռնի տեղահանվածների համար արժանապատիվ ժամանակավոր հանգրվան մինչև վերադարձի հնարավորությունը։
– Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին միտված բանակցությունների ընթացքն ինչպե՞ս եք գնահատում, ձեր դիտարկմամբ՝ հնարավոր կլինի՞ հասնել այդ խաղաղությանը, որի մասին անընդհատ խոսում է գործող իշխանությունը։
– Որևէ երկիր, որ պատրաստվում է ամեն գնով հասնել խաղաղության, դատապարտված է ձախողման ու ստանալու է ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ, որովհետև խաղաղություն ամեն ինչի գնով՝ արդեն իսկ խաղաղություն չէ։
Ադրբեջանցիները պատրաստ են ստանալ խաղաղություն՝ առանց հայերի, այլ ոչ թե խաղաղություն հայերի հետ, ու, կարծում եմ, որ այս գործընթացում Ադրբեջանը հասնում է տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդմանը, այդ թվում նաև՝ տարածքային առավելապաշտական նկրտումների բավարարմանը, այլ ոչ թե խաղաղության։ Հետևաբար, այդ թեմայի վերաբերյալ խոսակցությունները, բանակցությունները իրական չեն, քանի դեռ մենք չենք հստակեցրել մեր պայմանները։
Աղբյուրը՝ MediaLab.am