ԼՐԱՀՈՍ
15 Mar 2024

Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ն «երկերեսանի է»․ մի ձեռքով աջակցում է Իսրայելի ռազմական հանցագործություններին, մյուս ձեռքով ուտելիք է ուղարկում պաղեստինցիներին

Իրանում հայտարարել են՝ ԱՄՆ-ն «երկերեսանի է»․ մի ձեռքով աջակցում է Իսրայելի ռազմական հանցագործություններին, մյուս ձեռքով ուտելիք է ուղարկում պաղեստինցիներին

Գազայի հատված  մարդասիրական օգնություն ուղարկելով՝ ԱՄՆ-ին չի հաջողվի վերականգնել իր հեղինակությունը, որը խաթարվել է Իսրայելի հանցագործություններին աջակցելու պատճառով, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«ԱՄՆ զենք ու ռազմական տեխնիկա է մատակարարում սիոնիստական ռեժիմին (Իսրայելին-խմբ․), և ամբողջ մարդկության ու միջազգային հանրության համար էլ հասկանալի է, որ հենց Միացյալ Նահանգներն է  Գազայում մարդու իրավունքների և մարդասիրական մի շարք նորմերի խախտման գլխավոր պատասխանատուն»,- X-ի իր էջում գրել է Քանանին։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի բնորոշմամբ՝ պաղեստինցիներին ուտելիք ուղարկելով՝ ԱՄՆ-ն իր   երկերեսանիությունն ու կեղծ սրտացավությունն է ի ցույց դնում, քանի որ միևնույն ժամանակ «անդրդվելիորեն աջակցում է սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններին»։

«Վաշինգտոնին չի հաջողվի այդպիսով մաքրել իր հեղինակության վրայի բծերը»,- գրել է Քանանին։

Նշենք, որ ԱՄՆ-ն մարտի 14-ին հայտարարել էր, որ   Հորդանանի հետ  Գազայի հյուսիսային հատված մարդասիրական օգնություն են հասցրել՝ ինքնաթիռից վար նետելով սննդամթերքի  չափաբաժիններ, այդ գործողությունը 10-րդ անգամ է արվում։

Փոխանցում է Aysor.am-ը