ԼՐԱՀՈՍ
15 Mar 2024

«2018թ. Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն». Ալիև

«2018թ. Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն». Ալիև

Ղարաբաղի հարցով համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն։ Այս մասին, ըստ tert.am-ի՝ Բաքվի գլոբալ ֆորումում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հնարավո՞ր էր խուսափել ռազմական լուծումից: Այո՛, և երեկ մենք այս հարցը լայնորեն քննարկել ենք խորհրդի անդամների հետ։ Եվ ես մի փոքր բարձրացրի վարագույրը՝ նրանց որոշ մանրամասներ հայտնելով։

Համաձայնության գալու հնարավորություն կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց. այն ժամանակ Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենց կպահեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։

Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա «մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման» (չակերտները՝ Tert.am) կարիքը չէր լինի», – ասել է Ալիևը։

Նրա պնդմամբ՝ 2019 թվականին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես «անընդունելի» (չակերտները՝ Tert.am) առաջարկներ է ներկայացրել, օրինակ՝ պահանջել է, որ Ադրբեջանը բանակցի «անջատողականների» (չակերտները՝ Tert.am, Արցախի Հանրապետության իշխանությունները:-Խմբ.) հետ։

Ըստ Ալիևի՝ Հայաստանը չէր պատրաստվում ոչ մի թիզ վերադարձնել տարածքներից:

«Ավելին, Հայաստանի վարչապետի հայտնի կարգախոսը, թե «Ղարաբաղը Հայաստան է» (Արցախը Հայաստան է և վե՛րջ:-Խմբ.), նախ միջազգային իրավունքի բացարձակ խախտում է, երկրորդ՝ չափազանց «հավակնոտ» մի երկրի համար, որը կարծում էր, որ կարող է հավերժ պահել «մեր հողերը»», – ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ 168.am