ԼՐԱՀՈՍ
15 Mar 2024

«Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին»․ Գեղամ Մանուկյան

«Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին»․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեղեկացնում է․

«Ընդդիմությանն արգելվում է ծանոթանալ Ադրբեջանի հետ պայմանագրի տարբերակին

Փետրվարի 7-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընդդիմադիր պատգամավորներին այլևս չի թույլատրելու ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի կետերին։

Փետրվարի 23-ին մենք դիմել էինք ԱԳՆ՝ առաջարկների հերթական փաթեթին ծանոթանալու նպատակով։ Այսօր ԱԳՆ-ի կողմից ստացվել է պաշտոնական գրություն, որտեղ նշվում է.

«‎բանակցային գործընթացը չխաթարելու, գործընթացի վրա անուղղակի բացասական ազդեցություններ, ինչպես նաև փաստաթղթի կամայական, սխալ հանրային մեկնաբանություններ բացառելու նկատառումով պայմանավորված՝ այս պահին նպատակահարմար չենք համարում հայցվող տեղեկատվության տրամադրումը»։

Հարկ ենք համարում շեշտել, որ գրության մեջ բացակայում է գործող օրենսդրության որևէ կետի` մեր կողմից խախտման վերաբերյալ հղում։

Կարևոր է նաև արձանագրել, որ յուրաքանչյուր հերթական տարբերակին ծանոթանալուց հետո մեր կողմից հնչեցրած հրապարակային մեկնաբանությունները հայտնվել էին նաև ադրբեջանական բարձրաստիճան շրջանակների ուշադրության կենտրոնում, որտեղից իշխող ուժի մակարդակով քննադատություն էր հնչում ընդդիմադիր պատգամավորներին պայմանագրի կետերին ծանոթանալ թույլ տալու առնչությամբ։

Ուստի, ԱԳՆ-ից ստացված այս գրությունը հաստատում է նախորդիվ մեր հնչեցրած հիմնավոր կասկածն առ այն, որ ընդդիմադիր պատգամավորների՝ բանակցային գործընթացին ծանոթանալու արգելքն ադրբեջանական հերթական պահանջն է, որը բավարարվում է Նիկոլ Փաշինյանի կողմից։

Գործ ունենք պատգամավորական գործունեությանը դիտավորյալ խոչընդոտելու հերթական կամայական քայլի հետ, որի նպատակը մեր կողմից հայ ժողովրդի համար կարևորագույն օրակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների խափանումը և հանրությանը միակողմանի տեղեկատվության տրամադրման միջոցով մոլորեցնելու դիտավորությունն է»։