ԼՐԱՀՈՍ
15 Mar 2024

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». 103 տարի առաջ` այսօրը Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

«Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ». 103 տարի առաջ` այսօրը Թեհլիրյանը գնդակահարեց Թալեաթ փաշային

1921 թ․ մարտի 15՝ առավոտյան ժամը 10-11-ի միջակայք․ Սողոմոնը լիցքավորել է զենքը, պատրաստ պահել իր ձեռքում։ Առանց աչքը թարթելու՝ նայում է դիմացի տանը։ Հանցագործի տնից դուրս գալու ու Ուղլանդ փողոց ուղևորվելու սովորական ժամն է։

«Դիմացի մայթով հավասարվեցի նրան։ Արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթն ուսկից գնում էր նա։ Հետ դարձա․ մոտենում էինք իրար։ Նա գալիս էր ճեմելու ձևով՝ ձեռնափայտը անփույթ ճոճելով։ Հավասարվելու պահին Թալեաթը նայեց ինձ․ աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը։ Մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու ուղիղ գլխին պարպելս մեկ եղավ։ Մի զինված բռունցք իջավ գլխուս։ Աչքերս մթնեցին ու վայր ընկնելուց խուսափելով չոքեցի, արյունը ակոսում էր դեմքս, բազմաթիվ ձեռք ու ոտք էին իջնում վրաս։ Անզոր կատաղությամբ գոռացի՝ ինչ եք ուզում, ես հայ եմ, նա՝ թուրք, ձեզ ինչ։ Համակված էի հոգեկան այնպիսի մի ներքին գոհունակությամբ, որի նման չէի ապրել երբևէ»,- դեպքի մասին գրել է Սողոմոն Թեհլերյանը։

103 տարի առաջ հենց այս օրն է ծնունդով բագառիճցի Սողոմոն Թեհլերյանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում իրագործել Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Թալեաթ փաշայի սպանությունը։

Այս գործի նախաքննությունը տևում է մոտ 80 օր։ 1921 թ․ հունիսի 2-ին Բեռլինի նահանգային երրորդ դատարանում սկսվում է Թալեաթ փաշային սպանելու համար ամբաստանված ուսանող Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը։

Դատական արձանագրությունները փաստում են, որ Սողոմոն Թեհլերյանը դատարանում ոչ մի խոսք չի ասել «Նեմեսիս» գործողության մասին, նա նաև լռել է այն մասին, որ առաջին անգամ չէ, որ մարդ է սպանում։ Հայտնի է, որ Կոստանդնուպոլսում նա սպանել էր մի հայ դավաճանի՝ Հարություն Մկրտչյան անունով։

Հետաքրքրական է, որ դատարանին նա պատմել է, որ իր երեք քույրերին, եղբորը թուրքերն սպանել են իր աչքի առաջ։ Այնինչ հանուն արդարության պետք է նշել, որ Թեհլերյան քույր չի ունեցել․ նրանք եղել են 4 եղբայրներ, որոնցից միայն կրտսերն է կոտորածների զոհ դարձել։

Թեհլերյանը մտածված խեղաթյուրում է փաստերը՝ այդպիսով չհրաժարվելով իր կատարած սպանությունից, պնդելով իր ճշմարտացիությունը, միաժամանակ խուսափելով այն ներկայացնել որպես կանխամտածված սպանություն։

Թեհլերյանը դատարանին պատմում է, որ սպանության պահին իր առաջ հայտնվել է իր սպանված մոր ուրվականը։

-Ձեր խիղճն ինչո՞ւ է հանգիստ,- հարցնում են դատարանում։

-Մի մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ։

-Ինչպես եղավ, որ սպանությունը կատարեցիք։

-Որովհետև մայրս էր ասել։ Մայրս ինձ պատվիրեց սպանել Թալեաթ փաշային, որովհետև նա հանցապարտ է ջարդերի համար։ Եվ այս ամենը այնպես էր մթագնել միտքս, որ չգիտեի, թե չի կարելի սպանել։

Սողոմոն Թեհլերյանի անձի շուրջ մի առեղծված էլ կա․ դատական վկայություններում պահպանված է, որ Սողոմոնը ընկնավոր է եղել, իսկ հետագայում ժամանակակիցներից և ոչ մեկը չի հիշատակում, որ դատավարությունից հետո Սողոմոնը ընկնավորության նոպա ունենար։ Կրկին հարց է առաջանում․ Թեհլերյանն իսկապե՞ս ընկնավորություն է ձեռք բերել Ցեղասպանության սարսափների պատճառով և այն հաղթահարել է միայն իր վրեժն առնելուց հետո, թե՞ սա ևս պաշտպանական հնարանք է եղել։

Շուրջ մեկ ժամ տևած խորհրդակցությունից հետո երդվյալների գլխավորը ազդարարում է․ «Պատվով և խղճով վկայում եմ երդվյալների որոշումը։ Հանցավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921 թ․ մարտի 15-ին Թալեաթ փաշային սպանելու համար․ ո՛չ»։

Ինչո՞ւ գերմանական դատարանը արդարացրեց Թեհլերյանին․ արդյո՞ք նրան հաջողվել էր խոցել երդվյալների մարդկային ամենաբարձր զգացմունքները, արդյո՞ք փաստական նյութերը իսկապես հիմնավոր էին, թե՞ Գերմանիան քաղաքական խնդիր ուներ՝ խուսափելու մեղսակցության արծարծումից։

Ինչևէ․ պատմության մեջ առաջին անգամ դատարանի դահլիճում մեղավոր ճանաչվեց ոչ թե սպանողը, այլ սպանվողը․․․

Այսպիսով, «Նեմեսիս» գործողության արդյունքում սպանվեց 8 ոճրագործ՝ դառնալով արդարադատության հաստատման համազգային ծրագիր։

 

Աղբյուրը՝ ORAGIR.NEWS

 

 

 

Ո՞վ է Սողոմոն Թեհլիրյանը

Համացանցի հայկական հատվածում ոչինչ չեք գտնի ամենահայտնի հայերից մեկի մասին, եթե փնտրեք նրա իսկական անուն-ազգանունով, քանի որ Թեհլիրյան Սողոմոնի ազգանունը ժամանակի ընթացքում աղավաղվել է ու դարձել Թեհլերյան:

Թեհլիրյանների նախապապը 16-17 տարեկանում վիճում է տան անդամների հետ և հեռանում տնից: Տարիներ անց նա վերադառնում է, և գյուղի բնակիչների կողմից մականուն ստանում: Թուրքերեն «կռիվ» բառը «թեհն» էր, ու գյուղացիներն ասում էին, որ նա «թեհ է ըրել», որտեղից էլ ծնվում է նրա մականունը՝ «Թեհլիր», նրա զավակներին էլ ասում են Թեհլիրի տղաներ, որտեղից էլ սկիզբ է առնում Թեհլիրյան ազգանունը: Սողոմոնն ինքը ստորագրում էր որպես Թեհլիրյան: Թալեաթի սպանությունից հետո Թեհլիրյանները փոխում են իրենց ազգանունը, և Սողոմոնը դառնում է Մելիքյան:

Սողոմոնը ցեղասպանության տարիներին հայրենիքում չէր: Նա գնում է Գերմանիա` ուսումը շարունակելու: Երզնկայից նոր էր հասնում Սերբիայի գավառական քաղաք Վալևո, երբ սպանվում է ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը, ու վրա հասած Առաջին աշխարհամարտը խառնում է պատանի Թեհլիրյանի բոլոր ծրագրերը: Պատերազմի մեկնարկից մի քանի ամիս անց իմանալով, որ Բուլղարիայում կամավորական ջոկատներ են կազմավորվում, Սողոմոնն առանց հոր համաձայնությունը ստանալու՝ մեկնում է այնտեղ: Սերբիայից անցնում է Ռումինիա, այնտեղից էլ՝ Դոնի-Ռոստով և 1915 թ. փետրվարին հանգրվանում է Թիֆլիսում: Այնտեղ Սողոմոնը զինվորագրվում է Սեպուհի վաշտին՝ մասնակցելով Սալմաստի, Դիլմանի ճակատամարտերին, Վանի ազատագրմանը: Սակայն Վանի ազատագրումից օրեր անց՝ ռուսական բանակի նահանջին զուգընթաց նահանջում են նաև հայկական կամավորական ջոկատները:

1916 թ. գարնանը ռուսական բանակը, Կովկասյան ռազմաճակատում կրկին հարձակման անցնելով, գրավում է նախ Էրզրումը, ապա հուլիս ամսին` Երզնկան: Սողոմոնը ողջ մնացած հարազատներին գտնելու հույսով Կարս-Սարիղամիշ-Էրզրում ճանապարհով շտապում է Երզնկա: Ավա՛ղ, նա ականատես է լինում մի սահմռկեցուցիչ տեսարանի. սեփական տունը ամբողջովին ավերված էր և թալանված, ամբողջ ընտանիքը՝ սրի քաշված: Ցեղասպանության տարիներին Թեհլիրյանների տոհմը 85 անդամ է կորցնում: Սողոմոնի 17 անդամից բաղկացած ընտանիքից գյուղում մնացածներից փրկվում է միայն նրա եղբոր` Միսակի դուստրը, Արմենուհին, ում հետագայում փրկագնով քրդերի մոտից վերադարձնում են հարազատներին: Բացի Արմենուհուց փրկվում են նաև նրանք, ովքեր Սերբիայում էին:

Երզնկայում Թեհլիրյանը միանում է Սեբաստացի Մուրադի խմբին, որն զբաղվում էր հայ երեխաներին որոնելու և թուրք-քրդական գերությունից ազատելու խնդրով: Սակայն դա շատ կարճ է տևում: Ապրիլի սկզբներին Սարիղամիշում վիրավորված Սողոմոնը փոխադրվում է Թիֆլիս: Որոշ ժամանակ անց Սեբաստացի Մուրադին փնտրելու հույսով Սողոմոնը մեկնում է Հյուսիսային Կովկաս, հիվանդանում է տիֆով և մնում՝ բուժվելու Եսենտուկի առողջարանային քաղաքում, որտեղ էլ նա լսում է Մուրադի զոհվելու բոթը: Ապաքինվելուց հետո նա մեկնում է Կ. Պոլիս:

Թալեաթը միակը չէ

Սողոմոնը Կ. Պոլիս ժամանելուց հետո տեղեկանում է, որ Թալեաթը և նրա ոճրագործ ընկերները փախուստի են դիմել մայրաքաղաքից: Այդ լուրը խորը հիասթափություն է պատճառում նրան: Սակայն դա երկար չի տևում, քանի որ տեղեկություններ է ստանում, որ դեռևս Պոլսում է Թալեաթի հայազգի գործակալ, մատնիչ Հարություն Մկրտչյանը: Այդ նա էր, որ Պոլսի ոստիկանապետ Բեդրիի միջոցով Թալեաթին էր փոխանցել «սև ցուցակը» (բաղկացած 250 հայ մտավորականների անուններից, որոնք գրեթե բոլորն էլ դառնում են Մեծ եղեռնի զոհ): Երկու շաբաթ լրջորեն հետապնդելով հրեշին` 1919 թ. ապրիլյան մի երեկո Թեհլիրյանը փողոցից հետևում էր Մկրտչյանի տան անցուդարձին: Տեսնելով, որ տանն ինչ-որ հավաքույթ է, ու Մկրտչյանը բաժակը ձեռքին ճառ է ասում, Թեհլիրյանը հանում է ատրճանակը և որոշում կրակել ապակու հետևից: Նա կրակում է ուղիղ դավաճանի սրտին ու տեսնում, թե ինչպես է գետնին տապալվում, ապա արագ հեռանում է: Հաջորդ առավոտ Թեհլիրյանը տեղեկանում է, որ Մկրտչյանը չի մահացել և հիվանդանոցում է: Նա որոշում է հիվանդանոց գնալ և այնտեղ ավարտին հասցնել սկսած գործը: Այս քայլից նրան հետ է պահում օրիորդ Երանուհին՝ ասելով, որ բժիշկները հույս չեն տվել: Մի քանի ժամ անց Հարություն Մկրտչյանը մահանում է: Այս մասին Սողոմոնը որևէ տեղ չի հիշատակել, և գիտեին միայն նրա ընտանիքի անդամները:

Թալեաթի սպանությունը

1921 թ. դաշնակցականները տեղեկանում են, որ Հռոմում թուրքերի մասնակցությամբ ժողով է լինելու, և Թալեաթին գտնելու բոլոր ջանքերը կենտրոնացնում են այնտեղ: Քանի որ Թեհլիրյանը Բեռլինում էր, նրան հանձնարարվում է լինել կառամատույցում և ստուգել Հռոմ մեկնող գնացքները: Մի անգամ Թեհլիրյանը նկատում է, որ թուրքերի մի խումբ ճանապարհում է մեկ այլ խմբի և վերադառնում: Վերադարձողներից մեկին շրջապատողները առանձնահատուկ վերաբերմունք էին ցուցաբերում և դիմում «փաշայով»: Թեհլիրյանը սկսում է կասկածել, որ այդ մարդը կարող է Թալեաթը լինել և գնում է նրանց հետևից: Սողոմոնը հետագայում պատմում է, որ մինչև վերջին պահը կասկածում էր՝ արդյոք նրա դիմացից գնացող թուրքը Թալեաթն է, թե՝ ոչ: Կրակելուց առաջ Սողոմոնը գոռում է «Թալեաթ», և նա շրջվում է: Դա էլ ցրում է Թեհլիրյանի վերջին կասկածներն, ու նա կրակում է: Կրակելուց հետո հասցնում է փախչել, բայց ճանապարհին տարակուսում է՝ արդյոք սպանե՞լ է նրան: Կասկածներն ավելի են ահագնանում, երբ նա մտաբերում է, որ Հարություն Մկրտչյանին միանգամից սպանել չէր ստացվել: Հենց այդ պատճառով էլ պտտվում է և վերադառնում սպանության վայր: Երբ փորձում է ճեղքել ամբոխը՝ համոզվելու, մահացե՞լ է արդյոք Թալեաթը, թե՝ ոչ, նրա ուղեկիցները ճանաչում են Թեհլիրյանին ու բռնում: Ու քանի որ այն ժամանակ ընդունված էր ձեռնափայտ կրելը, հավաքվածները ձեռնափայտերով ծեծում են նրան: Մինչև օրս պահպանվել է շապիկը, որն այդ օրը կրում էր Սողոմոնը, ամբողջովին արյունոտված:

Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունն սկսվում է 1921 թ. հունիսի 2-ին՝ Բեռլինի նահանգային դատարանում, և տևում ընդամենը երկու օր: Այդ ընթացքում Թեհլիրյանի տված բացատրություններով, վկաների ցուցմունքներով մի անգամ ևս հրապարակի վրա է դրվում մեծ ոճիրը` իր մանրամասներով: Դատավարության վերջին օրը մեկ ժամ տևած խորհրդակցությունից հետո գլխավոր դատավոր Օտտո Թայնիկեն կարդում է. «Պատվով ու խղճով վկայում եմ երդվյալների որոշումը: Հանցավո՞ր է արդյոք ամբաստանյալ Սողոմոն Թեհլիրյանը 1921 թ. մարտի 15-ին Շարլոտենբերգում Թալեաթ փաշային կանխամտածված սպանելու համար:

-Ո՛չ: Հնչում է երդվյալ ատենակալների պատասխանը»:

Երբ Սողոմոնը հայտնվում է փողոցում, այնտեղ հավաքված բազմությունը բուռն ծափողջյուններով է դիմավորում նրան և ձեռքերի վրա տանում:

Սողոմոն Թեհլիրյանի բեռլինյան դատավարությունը վերածվում է երիտթուրք ոճրագործների դատավարության: Այն պատմական մեծ իրողություն է, որը հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբ հանդիսացավ: Հենց սա է Սողոմոն Թեհլիրյանի «արդարության գործի» պատմական առաքելությունը:

Սկզբնաղբյուր՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ

Աղբյուրը՝ 168.am