«Հայաստանի ղեկավարության վերջնագրերն ու վիրավորական հռետորաբանությունը մտահոգիչ են»․ Զախարովա
Մենք չենք կարող ուշադրություն չդարձնել ՀԱՊԿ-ի հասցեին Երևանի կոշտ հռետորաբանությանը, որը երբեմն վիրավորական է․ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն ու մարդիկ տասնամյակների ընթացքում ստեղծել են այնպիսի կառույց, որը հսկայական տարածության վրա ստեղծել է խաղաղություն և կայունություն։
«Առաջին հերթին սա պատմականորեն շատ կարևոր իրողություն է, ես կարծում եմ, որ անթույլատրելի և նվաստացուցիչ քայլ է ոչնչացնել հազարավոր մարդկանց կողմից արված քայլերը, որոնք ակնհայտ են բոլորի համար»,-նշել է Զախարովան։
Նրա խոսքով հասկանալի չեն հայկական էլիտաների այն քննարկումները, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ավելի արդյունավետ կլինի։ «Հարկ եմ համարում նշել, որ ռիսկերը, որոնց հետ հիմա բախվում է Հայաստանը, կարող էին չլինել, եթե ՀԱՊԿ-ը դիտորդական առաքելություն ունենար Հայաստանում, ոչ թե ԵՄ-ն, որը սահմանին մոնիթորինգ իրականացնելու փոխարեն զբաղված է հետախուզական տվյալներ հավաքագրելով»,-նշել է նա։
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի խոսքով՝ իրենք շատ լավ հասկանում են արևմտյան երկրների ճնշման աստիճանը հայերի վրա, որոնք փորձում են տարածաշրջանում լարվածություն հրահրել։
Աղբյուրը՝ ABC MEDIA