«Եթե Տավուշի հատվածից զիջումներ արվեն, Հայաստանի ամբողջ հյուսիս-արևելքը խոցելի է լինելու»․ Արթուր Խաչատրյան
«Ինչպես ադրբեջանական բոլոր պահանջների, այնպես էլ այս պահանջի առջև Փաշինյանն ընկրկելու է»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով Տավուշի հատվածից զիջումներ անելու մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
«Դրանք ռազմավարական նշանակության տարածք են»,-ասում է Արթուր Խաչատրյանը՝ ընդգծելով, որ դրա հետևանքով Հայաստանի ամբողջ հյուսիս-արևելքը խոցելի է լինելու։
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ նախ 4 գյուղը կուզեն, հետո այլ գյուղեր, կասեն ՀՀ -ի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանազատված չէ, ով ասաց, որ այս բարձունքը պատկանում է Հայաստանին։ «Նույն պատճառաբանությունը կբերեն, ինչը ներկայացրեցին Ջերմուկի հատվածում 150 քկմ օկուպացնելու ժամանակ։ Ի՞նչ ասեց Ալիևը, ասաց, եթե սա ձեր տարածքն է, ապա սահմանը կահավորված կլիներ, եթե կահավորված չի ո՞վ ասեց, որ ձեր տարածքն է», - հիշեցրեց Արթուր Խաչատրյանը։
«Տավուշի այդ հատվածով անցնում է Վրաստան գնացող ճանապարհը, որը հայտնվելու է ադրբեջանական թիրախում։ Դա Ադրբեջանի համար բարձունք է, ճանապարհ է, ենթակառուցվածք է։ Բոլոր մխրճումները ռազմավարական նշանակություն ունեցող կետերում են, բարձունքներն են, որոնք վերահսկում են ճանապարհները ու շատ հեշտ է Հայաստանի հարավը հյուսիսից կտրելու համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ դա Սովետական Միության հանցավոր քաղաքականության դրսևորումներից է, երբ Երևանից Թբիլիսի գնալու համար Ղազախի շրջանով էինք անցնում ։
«Փաշինյանը միակ հայն է, որ բոլշևիկների գծած սահմանը պատրաստ է մարմնով պաշտպանել»։
Աղբյուրը՝ Yerkir.am