ԼՐԱՀՈՍ
12 Mar 2024

«Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտնել է` կազմակերպության անդամակցության կասեցման վերաբերյալ Հայաստանի կողմից պաշտոնական որևէ հայտարարություն կազմակերպությունը չի ստացել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գլխավոր քարտուղարը նշել է ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում, իսկապես, չի մասնակցում կազմակերպության քարտուղարության աշխատանքներին։

«Դա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվում են ՀԱՊԿ կանոնակարգային հիմքերին համապատասխան», – նշել է Իմանղալի Թասմաղամբետովը՝ հավելելով, որ ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունն աշխատանքային ռեժիմով տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։

Ավելի վաղ France 24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ:

Աղբյուրը՝ 168.am