Արցախյան հերոս Դուշման Վարդանի ծննդյան օրն է․ այսօր նա կդառնար 58 տարեկան
1966 թ. մարտի 8-ին Երևանում ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան):
1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայինները:
Դուշման մականունը նրան տվել էին թուրքերը, որոնց դեմ կռվում էր և որոնց սարսափ էր ներշնչում: Դուշմանը մասնակցել է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, այնուհետև անցել է Արցախ, որտեղ մասնակցել է Բադարա և Ասկերանի շրջանի Դագրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակցության ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին:
Վարդանի տղաների հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի, ոչնչացման ուղղված օպերացիան էր 1992թ. հունվարի 22-ին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում:
Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը:
1992թ. հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում իր ընկերների` Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց դավադիր ականից:
Վարդան Ստեփանյանի աճյունն ամփոփվել է Եռաբլուրում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: 2009թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել է Վարդանը, կանգնեցվել է հուշարձան:
Աղբյուրը՝ Yerkir.am