«Նիկոլը «Հուդայի համբույր» է տալիս հայ ժողովրդին. հանձնում է ուղղակի». Աբրահամ Գասպարյան․168.am
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի կարծիքով՝ եթե միջազգային հարաբերությունների մակարդակով ատամներդ քաշես և ասես՝ ես ուզում եմ խաղաղ ապրել, քեզ կտրորեն, կանցնեն, որովհետև, ըստ նրա՝ պետությունների հզորությունը կամ հարգանքը պայմանավորված է ներքին ռեսուրսի ճիշտ օգտագործմամբ, քաղաքացիական իշխանության հզոր վերահսկողությամբ և դաշնակցային հարաբերություններով:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նկատեց՝ մի բան է՝ բալանսավորված քաղաքականություն վարել, այլ բան՝ օտար երկրների կամ իքս ճամբարի հեգեմոնիայի տակ հայտնվել:
«Իրանը բազմիցս հայտարարել է իր կարմիր գծերի մասին, և Իրանի ազգային անվտանգությանը սպառնացող միջանցք չի լինի Մեղրիով, իսկ գուցե Սիսիանո՞վ է լինելու, և դա արդեն ինտերվենցիա է դիտարկվելու: Այդ դեպքում Հայաստանի կործանումը 10 րոպե է լինելու, որովհետև Թուրքիան է միջամտելու՝ իր անվտանգության գոտին է ստեղծելու, ինչպես արեց Սիրիայում»,- շեշտեց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է դեռ հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ, ինչու և ում միջոցով ենք ընկալել Հայոց ցեղասպանությունը, Աբրահամ Գասպարյանը նշեց, որ Փաշինյանը «ղալաթ» է արել. «Չի կարելի թույլ տալ: Նա հայոց պատմությունը պղծում է: Փաշինյանի կերպարը ստորացուցիչ է: Թող ոչ մի ազգ Նիկոլ չունենա, որովհետև ինքը ստորացման, նսեմացման, ազգային արժանապատվության ոտնահարման խորհրդանիշն է: Նա «Հուդայի համբույր» է տալիս հայ ժողովրդին, ինչպես Թալեաթը 1915թ. Զոհրապի հետ թղթախաղ խաղալիս համբուրեց նրան, և հաջորդ օրը Զոհրապին բռնեցին, Նիկոլը «Հուդայի համբույրն» է տալիս հայ ժողովրդին. հանձնում է ուղղակի: Ավելի ամոթալին գիտե՞ք՝ որն է, այդտեղ այդքան մեծահարուստ մարդ էր նստած (նկատի ունի Փաշինյանի հանդիպմանը մասնակցած շվեյցարահայ համայնքի սակավաթիվ ներկայացուցիչներին.- Ռ.Մ.), ես իրենց համար եմ ամաչում, նվաստացած եմ զգում իրենց համար: Ո՞ւմ է պետք այսպես անփառունակ, անպատիվ ապրելը»:
Նա նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կարող են լեգիտիմ թուղթ տալ Թուրքիային՝ հստակ գործողությունների գնալ. «Դիցուք, պատերազմական վիճակ եղավ, և Թուրքիան որոշեց առաջին հրթիռն ուղարկել Երևան՝ Ցեղասպանության հուշահամալիր-թանգարան, ի՞նչ ես անելու: Պետական գործիչը ոչ թե պետք է մտածի այս րոպեի, այլ սերունդների համար: Նիկոլ Փաշինյանը գիտի՝ որտեղ ինչ է ասում և ինչ է անում, որովհետև այն մեսիջները, որ ինքը տալիս է, մեր գլխին դառնում են պատուհաս»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի տեղը ճաղերի հետևում է. «Նա պետք է փտի բանտում: Նա շատ բան ունի պատմելու: Մեր պարտականությունն է՝ թույլ չտալ, որ նա և ևս մի քանի հոգի լքեն այս տարածքը: Ասադն էլ էր մտածում, որ իշխանությունը կարող է պահել: Նա ադեկվատությունը կորցրել է»:
Աղբյուրը՝ 168.am