ԼՐԱՀՈՍ
23 Jan 2025

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել

Սեյրան Օհանյանին նոր մեղադրանք են առաջադրել

Գլխավոր դատախազությունը «Մարտի 1-ի» գործով նոր մեղադրանք առաջադրեց 2008 թ-ին պաշտպանության նախարար եղած Սեյրան Օհանյանին:

Նա մեղադրվում է ուժի գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Դատախազը Հակակոռուպցիոն դատարանում ներկայացրեց մեղադրանքը. «Օհանյանը, 2008թ․ լինելով զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, այլ անձանց հանցակցությամբ կատարել է լիազորությունների շրջանակից ակնհայտ դուրս եկող գործողություններ, ինչն անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների»։

 

Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում։ Արդարացումից երեք տարի անց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նրա 3 նախկին բարձրաստիճան ենթակաները կրկին դատարանի առջև են կանգնել։

Վճռաբեկ դատարանը բեկանեց դեռ օրինական ուժի մեջ չմտած արդարացման դատավճիռը և գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն քրեական դատարան՝ նոր քննության։

 Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։

 

2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ-ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովն ընդհանրապես ազատվեցին քրեական հետապնդումից, քանի որ նրանք մեղադրվում էին միայն Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով։ Դատարանը որոշեց նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցները վերացնել, գույքի վրա դրված կալանքը հանել։

«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն վերոհիշյալ հոդվածով։ ՀՀ Սահմանադրական դատարանը հուլիսի 22-ի նիստում որոշեց, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։ Ադպիսով դատախազությանը հնարավորություն է տրվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մեղադրանքը վերաորակել ու նորից սկսել գործի քննությունը։

 

Աղբյուրը՝ Yerkir.am