ԼՐԱՀՈՍ
13 Jan 2025

«Կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա»․ Աբրահամյան

«Կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա»․ Աբրահամյան

«Երբ իշխող ուժի ղեկավարն Ադրբեջանի` ՀՀ-ին ներկայացվող ապառազմականացման պահանջին ի պատասխան, հայտարարում է սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորելու պատրաստակամության մասին, առաջին բանը, որ մտքովս գալիս է` նախորդ տարի Տավուշում հանձնված 4 գյուղերն են:

Այդ գյուղերի հանձնումից առաջ, Փաշինյանը հայտարարում էր, որ 90-ականների պատերազմի հետևանքով, Տավուշում Ադրբեջանը վերահսկում է 32 հայկական գյուղի տարբեր հատվածներ և իր զիջողականությունը փորձում էր ներկայացնել փոխադարձության սկզբունքով:

Այսինքն` խորհրդային ժամանակվա քարտեզով, Տավուշում «սահմանազատում» պետք է իրականացվեր, որտեղ զիջումները պետք է փոխադարձ լինեին, իսկ եղավ այն, ինչ գիտեն բոլոր և տարածքներ զիջեց միայն Հայաստանը:

Հիմա այս իրողություններն ու փորձը հաշվի առնելով, կա՞ որևէ խելամիտ մարդ, որ կարծում է, որ Հայաստանի առաջարկը` փոխադարձ վերահսկելու կամ սահմանափակելու սպառազինության հետ կապված հարցերը օրակարգային կամ երկկողմ համաձայնության հիմք կդառնա: Իհարկե, ոչ:

Ավելի վատ բան ասեմ. սա, ըստ էության, հուշում է, որ մի փուլում այս առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինության քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը»։

 

 ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան