«Կեղծ խաղաղության գինը». Մեր ներկան, որ կրկնվել է 100 տարի առաջ․ Կինոաշխարհ
Ձեռքի տակ ունենալով միայն պատմական վավերագրություններ ու փաստաթղթեր՝ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի ստեղծագործական խումբը գտել է ասելիքը մատուցելու ժամանակակից ոճ ու ելք՝ դիմելով եռաչափ անիմացիային ու արհեստական ինտելեկտի նորարարական լուծումներին։ Կինոյի տանը տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմի երևանյան պրեմիերան։
«Կեղծ խաղաղության գինը» պատմության հետաքննություն է։ Դեպքերը զարգանում են 1918 թվականի ապրիլի 11-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, երբ դեռ պետություն չունեինք, Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանությունը շարունակվում էր, պատերազմում պարտված Թուրքիան խորամանկ դիվանագիտության շնորհիվ կարողանում էր հայկական տարածքներ պոկել ու թաթը դրել էր նաև Արևելյան Հայաստանի վրա։
Կարսի հանձնման ամոթալի դեպքերին հաջորդում է Ալեքսանդրապոլի հանձնման ոչ պակաս անպատվաբեր իրադարձությունը։
Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հարություն Հարությունյանը պատմեց, որ երևանյան պրեմիերան կազմակերպելու համար դիմել են Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանին, որը սիրով տրամադրել է Կինոտան դահլիճը։
«Մենք մտադիր էինք ֆիլմը ցուցադրել կինովարձույթում, հետևաբար դիմեցինք տարբեր կինոթատրոնների, բայց թեման կամ վերնագիրը երևի թե մարդկանց վախեցրին. Կինոտան դեպքում որևէ խնդիր չեղավ։ Նաև պարտավորեցնող է, որ պրեմիերան հենց այստեղ, այս դահլիճում կայացավ, իսկ մենք ամաչելու պատճառ չունենք, որովհետև վատ բան չենք արել, ընդհակառակը՝ լավ բան ենք արել, սուղ միջոցներով, բայց մեծ խանդավառությամբ ու սիրով նկարել ենք մեր մասին, մեր պատմության մասին ֆիլմ։
Հիմա կինոթատրոններում իրար հետևից ֆիլմեր են դրված՝ խիտ գրաֆիկով, մյուս կողմից էլ բիզնեսի տեսանկյունից երաշխիք չկա, որ մեր ժողովուրդը տոմս կգնի, կգնա պատմական փաստավավերագրական ֆիլմ դիտելու։ Այդպիսի նախադեպ չունենք, գուցե այս պատճառներից ելնելով՝ կինոթատրոնները «Կեղծ խաղաղության գինը» չցուցադրեցին»,- նկատեց Հարություն Հարությունյանը։
Նա տեղեկացրեց, որ ֆիլմի ցուցադրման փուլն սկսված է։ Այն ներկայացվելու է դրսում։ Ռուսաստանում ցուցադրելու բանակցությունները դրական արդյունք ունեն, ֆիլմին սպասում են ԱՄՆ-ում, Կանադայում, նաև Իրանից է առաջարկ եղել։
Ֆիլմն ստեղծվել է որպես հայությանը սթափության կոչ. պատմական փաստերը վկայում են, որ 100 տարի առաջ գրեթե նույն ճշգրտությամբ տեղի են ունեցել իրողություններ, որոնք հազարավոր զոհերի, տարածքային կորուստների պատճառ են դարձել, իսկ հիմքում հայի դյուրահավատություն է, միամտությունը, անփությունը, բազմաթիվ փորձություններից հետո թուրքերին հավատալու անհեռատեսությունը։
Եթե այդ արատավոր հատկանիշները մեզ բնորոշ չլինեին, մենք 300 հազար քկմ Հայրենիք չէինք կորցնի, Կարսում ահռելի քանակությամբ զենք՝ 3 000 թնդանոթ, 3 000 արագահարված զենք, 100 000 համազգեստ, 100 000 միավոր ուտելիք, 15-17 000 ձի, 10 000 հրացան, մեծ քանակությամբ փամփուշտ, կառքեր, մեքենաներ չէիք թողնի թուրքին ու մազապուրծ չէինք փախչի։
Ու դրանից դասեր չքաղելով՝ հայը 1918 թվականին թուրքական նույն սցենարով հանձնում է նաև Ալեքսանդրապոլը։
«Պատմությունից դասեր քաղելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Մենք ոչ միայն դասեր չենք քաղում, այլև այդ պատմությունն ենք ուզում ջնջել-ոչնչացնել, մոռացության տալ՝ իբր այդպսի բան չի էլ եղել, ուզում ենք թուրքի հետ բարեկամության խարիսխ գցել։ Մեր վիճակը ծիծաղելի է, մեկ բառով՝ տրագիկոմեդիա։
Մենք 100 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի մեջ ենք մնացել, ոչինչ չի փոխվել ու չի փոխվելու, ավելին՝ դեպի վատն է գնալու։ Մեծ փորձության առաջ ենք կանգնած. ֆիլմը նաև դրա մասին է։ Մեղքը միայն ու միայն մերն է՝ դյուրահավատ ենք, անդարդ ենք։ Այս ֆիլմը հենց դրա մասին է՝ թուրքական զորքը Արփաչայի ափին կանգնած է, իսկ Գյումրիում քեֆ-ուրախություն է՝ «խաղաղության պայմանագրի» հույսով ու հավատով՝ ինչպես հիմա։ Եվրոպան թուրքերի առաջը կառնի… վստահ էին Ալեքսանդրապոլում։ Նույն բանը հիմա է։ Մենք և՛ լավ բանակ ենք ունեցել, և՛ զինված ենք եղել, հետո բանակը հայտնվել է այն նույն վիճակում՝ ինչ հիմա է»,-ներկայացրեց ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հարություն Հարությունյանը։
«Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ասելիքի մատուցման մտահղացումը ռեժիսոր Մարիամ Եգորյանինն է։ Նորագույն տեխնոլոգիաների, հնարքների կիրառումը հանդիսատեսին հաճելիորեն զարմացրեց։ Նյութն առանց այն էլ ծանր է, ճնշող, մտահոգող, դառը, ապտակող, բայց ներկայացնելու վիզուալ հնարքներն այն հեշտ ընկալվող ու մարսվող են դարձնում։
«Այս ֆիլմի առաջարկն ստանալուց, սցենարին ծանոթանալուց, թեման յուրացնելուց հետո մտահղացումներս ի մի բերեցի. այն, ինչ չէի արել նախորդ ֆիլմիս դեպքում («Շուշի. Ամեն»)՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառում, արհեստական բանականության ներդրում, արեցի այստեղ, և ստացանք բոլորովին այլ ֆիլմ` մատուցման ժամանակակից շնչով։
Ֆիլմում կան նաև խաղարկային հատվածներ։ Կարճ ու քիչ են դրանք, բայց բեմադրել ենք առանցքային դրվագները։ Ունենք նաև անիմացիա։ Ամբողջովին արխիվային նյութերի վրա հիմնված սցենարը, որտեղ հեղինակային խոսք, միջամտություն չկա, ներկայացրել ենք փաստարկված նաև կադրերով։ Փաստերից բացի, ներկայացված է նաև պատմական իրադարձությունների վերլուծություն՝ վերցված այն ժամանակվա մամուլից։
Իհարկե, արհեստական բանականությունն ու նորագույն տեխնոլոգիաները մարդկային մտքին, աշխատանքին, ջանքերին չեն կարող փոխարինել, դրանք միայն օգնում են այդ միտքն ու ասելիքը մատուցել, մեր թիմն ահռելի աշխատանք է կատարել, որի արդյունքը կգնահատի հանդիսատեսը»,-ասաց ռեժիսորը։
Արհեստական բանականությամբ ստացած կադրերն ու նկարահանված նյութը միմյանցից չեն տարբերվում, ֆիլմի հեղինակները փորձել են ժամանակաշրջանը, միջավայրը, հագուստները, ամեն ինչ ստանալ ճշգրիտ, համահունչ, իրատեսական։ «Շատ ռիսկային տեղերում ենք նկարահանումնոր արել` հայ-թուրքական սահմանին, փշալարերի մոտ, ու ամեն վայրկյան սահմանի այն կողմից կարող էին խոչընդոտել մեր աշխատանքը։ Կարծում եմ` մեր ստեղծագործական թիմը 100 տոկոսով, դեռ ավելին` իր առջև դրված խնդիրը կատարել է։ Մի քանի օր 24-ժամյա ռեժիմով ենք աշխատել, արվել է առավելագույնը։ Գյումրիում ենք նկարել` այնտեղ, որտեղ 1918-ին տեղի են ունեցել բուն իրադարձությունները»,-պատմեց Մարիամը։
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական խաղարկային ֆիլմը երևանյան պրեմիերայից հետո կշարունակի տարբեր երկրներում պատմել մեր ներկայի մասին, որը կրկնվել է մեր ոչ հեռավոր անցյալում՝ 100 տարի առաջ։
Աղբյուրը՝ Կինոաշխարհ