«Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ. ի վերջո, չենք ունենալու»․ Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է․
«Մեր հասարակությունը կրկին ակամայից հայտնվել է իշխանազավթի օրակարգում, փորձում է սպասվելիք իրադարձությունների տրամաբանական շղթա ստանալ։ Մինչդեռ չարիքը ավելի հարմար դիրքավորվելով՝ շարունակում է ավերը։
1997 թ.-ից կրթական համակարգի տարբեր աստիճաններում եմ աշխատել։ Տարիների ընթացքում հմտանալով և փորձ ձեռք բերելով, արձանագրել եմ խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները, բացթողումներն ու դրանց լրացումները, բարեփոխումների անհրաժեշտությունն ու այդ ընթացքի մեջ ազգայինի խիստ կարևորությունը։
Ըմբոստացել եմ, պայքարել, երբեմն համաձայնել, երբեմն՝ ընդդիմացել։ Տարիների ընթացքում ունեցած դժգոհություններին զուգահեռ, մի կարևոր փաստ անհերքելի է մնացել. ցանկացած իրավիճակում հայ ուսուցիչը նվիրյալ է մնացել և հայկական ինքնության, ազգային արժեքների կրողն ու պահապանը։
Չարաբաստիկ 2018-ին ՀՀ իշխանությունը զավթողների հիմնական և գլխավոր թիրախը կրթությունն էր, ազգային արժեքներն ու ուսուցիչը։ Պիտի համոզեին ուսուցչին, որ իր առաքելությունը ըստ արժանվույն գնահատված չէ։ Ցավոք, համոզեցին … ու սկսվեց ջարդը ազգային արժեքների, ինքնության, բարքերի, կրթության, ուսուցչի արժանապատվության։
Միշտ էլ եղել են թե՛ վերապատրաստումներ, թե՛ ատեստավորումներ, բայց երբեք այսքան նվաստացումների ու ստորացումների միջով ուսուցիչը չի անցել, «սև ու սպիտակների», «վերևների ու ներքևների» չի բաժանվել։
Բացառությամբ եզակիների, մեծամասնությունը փաստում է, որ ատեստավորումը կատարվում է ոչ արհեստավարժ, խճճող, տեխնիկապես դժվար հաղթահարելի, արհեստական խոչընդոտներով թեստերով։ Եվ, ըստ այս իշխանությունների ներկայացման, ստացվում է, որ մենք՝ ուսուցիչներս, տասնամյակներ շարունակ անորակ ենք եղել և, ըստ իրենց ցուցադրության, ներկայումս աշխատող ուսուցիչների մեծ մասը պիտի ուղղակի չաշխատի։ Բոլորս մեծ ցանկություն ունենք չունենալ նման իշխանություններ։
Ի վերջո, չենք ունենալու։ Եվ, երբ դա տեղի ունենա, մենք պիտի պատրաստ լինենք նույն վայրկյանից սկսել պետության առողջացման գործընթացը։ Համար մեկ տեղում՝ կրթություն, գիտություն, աշակերտ, ուսանող, ուսուցիչ, դասախոս։
Հ.Գ. - Հաճախ ուշադրությունս ուղղված կլինի կրթության խնդիրները ( ներկայումս՝ աղետ) վեր հանելուն և դրանց հնարավոր լուծումները տալուն։
Շարունակելի…»։