ԼՐԱՀՈՍ
18 Nov 2024

«ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին»․ Բագրատ Սրբազան

«ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին»․ Բագրատ Սրբազան

«Մեր խոսքն ուղղված է նաև արտաքին հարաբերություններին և այդ տիրույթում է․

Ինչպես բազմիցս նշել ենք՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի «հակա»-ներով արտաքին քաղաքականությունից, վերադառնա կանխատեսելի ու վստահելի գործընկերոջ կարգավիճակին: «Վստահելին» ու «կանխատեսելին» բանալի բառեր են։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի ուժային կենտրոնների շահերի համադրման, գործընկերային կապերի խորացման, փոխգործակցության նոր հեռանկարներ սահմանելու միջոցով:

ՀՀ-ն պետք է ձեռնամուխ լինի գործընկեր, դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վերականգնմանն ու խորացմանը, առկա բոլոր խնդիրների՝ բանակցային ու գործընկերային ճանապարհով լուծմանը։ Միաժամանակ՝ պատրաստակամ լինելով ձևավորել նոր հարաբերություններ, ձեռք բերել նոր բարեկամներ ու դաշնակիցներ՝ դրանում մեծ դերակատարություն տալով նաև սփյուռքյան նեուժեին։

Մենք կայուն և երկարաժամկետ խաղաղության դրոշակակիրը պետք է դառնանք։ Կրկնում եմ՝ երկարաժամկետ և կայուն։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ խաղաղությունը լինի իրական և սերունդներին փոխանցելի, այդուհանդերձ՝ նաև սերունդներին պատրաստելով ապագայի անորոշություններին դիմակայելու։ Վստահ ենք նաև, որ մեր ժողովուրդը, ինչպես որևէ ժողովուրդ՝ կլինի մեր հարևանությամբ, տարածաշրջանում կամ աշխարհի որևէ անկյունում, պատերազմ երբեք չի ցանկանում։

Կայուն խաղաղությունը, սակայն, ձեռք չի՛ բերվում արդարության սկզբունքները ոտնահարելով։ Մենք միամիտ չենք նաև կարծելու, թե աշխարհն առաջնորդվում է արդարության սկզբունքով։ Կայուն խաղաղությունը ձեռք չի՛ բերվում կարմիր գծեր չունենալով, ամեն գնով խաղաղության կեղծ թեզերով և դրա պատճառով անընդհատ պատերազմ և ավեր բերելով, սեփական ժողովրդին վախեցնելով պատերազմի տևական սպառնալիքով, միակողմանի, անվերջ զիջումներով, հարկադրանքով, դիմացինների ախորժակը գրգռելով. սրանք բոլորը նոր պատերազմի հիմքեր են։

Իրական բանակցություններով, օրինական շահերը հաշվի առնող երկխոսությամբ, արդարության սկզբունքը հիմքում ունենալով և փոխադարձ հարգանքով է կառուցվում և ամրապնդվում կայուն և երկարաժամկետ խաղաղության՝ բոլորիս այդքան անհրաժեշտ և ցանկալի ՛ճանապարհը։ Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է կառուցենք այդ ճանապարհը, մենք կարո՛ղ ենք և պե՛տք է պատրաստ լինենք պաշտպանելու արդար և իրական խաղաղությունը, որում բացի դիվանագիտական և բանակցային գործընթացներից և հմտություններից, կարևորագույն դերակատարություն ունի նաև հայոց բանակը՝ որպես ոչ միայն ՀՀ և հայության, այլև տարածաշրջանի անվտանգության երաշխավոր։

Ադրբեջանում պահվող գերիներն ու պատանդները պետք է վերադառնան, ադրբեջանական զինուժը պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից, արցախցի մեր քույրերն ու եղբայրները պետք է արժանապատիվ և անվտանգ վերադարձի իրավունք ունենան իրենց և մեր բոլորի բնօրրանը, արցախյան խնդիրը պետք է լինի բանակցային օրակարգում։ Իրական և արդարացի լուծումները մեծագույն երաշխիքն են կայուն և երկարաժամկետ խաղաղության։ Բայց այս ամենի համար պետք է լինեն իրական բանակցային գործընթացներ»։

 

Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազան