«Ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների»․ Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մինչ հայաստանյան իշխանությունը խուսափում է Ադրբեջանի հանցավոր քաղաքականության արձանագրումից, հանցավոր անգործություն դրսևորում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի դրսևորումների, էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության ուղղությամբ, Ադրբեջանը տարբեր միջազգային ատյաններում, դատական ատյաններում ակտիվ գործողությունների է դիմում:
Ավելին, ադրբեջանական իշխանությունները սպառնում են, որ ամենատարբեր միջոցներով հասնելու են Հայաստանի նկատմամբ ճնշումների և պատժամիջոցների:
Երբ նախօրեին ռազմագերիների, գերիների հարցով խորհրդարանի հրատապ քննարկման ժամանակ ես ու իմ գործընկերները խոսում էինք Ադրբեջանի` միջազգային իրավունքի նորմերի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի և դրանց չկատարման մասին, իշխանությունը միակ բանը որն անում էր` իրականությունից փախուստն էր:
Խղճուկ «բացատրություններ», գլխիկոր պահվածք և իրավիճակն առավել փակուղու տանող մոտեցումներ»: