ԼՐԱՀՈՍ
12 Nov 2024

Հայաստանում ավտորիտար ռեժիմ ստեղծելուն չօժանդակելու հորդորներով նամակներ փոխանցվեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին

Հայաստանում ավտորիտար ռեժիմ ստեղծելուն չօժանդակելու հորդորներով նամակներ փոխանցվեցին ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին

«Սրբազան պայքար» շարժման մի խումբ աջակիցներ այսօր ՀՀ-ում ԱՄՆ եւ ԵՄ դեսպաններին հանձնեցին նամակներ իշխանության կողմից իրականացվող քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ:

«Քաղաքական բռնաճնշումները նոր երանգ են ստանում, որոնք ուղղված են խոսքի ազատության դեմ: Այսինքն՝ լռեցնելու այն ակտիվ քաղաքացիներին, որոնք ընդդիմանում են իշխանությունների որդեգրած քաղաքականությանը:

Քանի որ այս իշխանությունները մեծ աջակցություն ունեն Եվրոպական միության գրասենյակի ու ԱՄՆ դեսպանատան կողմից՝ բարեփոխումներին ուղղված աջակցություն: Որոշեցինք նամակներ հանձնել ԵՄ գրասենյակ եւ ԱՄՆ դեսպանատուն: Նամակներ, որոնք տեղեկացնում են, թե ինչպիսի դրսեւորումներ ունեն իշխանությունների քաղաքական բռնաճնշումներն:

Այս նամակներով հորդորում ենք իշխանություններին աջակցություն տվող կառույցներին, որ հետամուտ լինեն, որ իրենց աջակցությամբ, մեր համոզմամբ ավտորիտար ռեժիմ չստեղծվի Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Ավետիսյանը:

«Սա խորհրդանշում է, որ մենք կարծում ենք, որ իշխանություններին աջակցող ուժերը լավ տեսնում են՝ ՀՀ-ում ինչ է կատարվում, բայց լռում են: Դրանով կոչ ենք անում դադարեցնել դերասանությունը, իբր թե ՀՀ-ում ժողովրդավարություն է:

Իրենք շատ լավ տեսնում են, որ ՀՀ-ում ժողովրդավարություն չէ, այս իշխանությունները ավտորիտար ռեժիմ են կառուցում»: Նամակի մյուս կողմում էլ Առաջին Հանրապետության ժամանակ ԿԳ նախարար Նիկոլ Աղբալյանի եւ հայազգի բժիշկ Աննա Ասլանի պատկերներով նամականիշներ կային:

Աղբալյանի նամականիշը, ըստ Հովհաննես Ավետիսյանի, խորհրդանշում է քաղբանտարկյալին, իսկ Աննա Ասլանի նամականիշը խորհրդանշում է իրենց ցանկությունը՝ մեր երկիրն ավելի ապահով դարձնելու եւ արդար ու ժողովրդավար հանրություն ունենալու ցանկությունը:

 Հարցին՝ ինչ բռնաճնշումների մասին է խոսքը, Ավետիսյանն ասաց՝ օրինակ` այն ապօրինի քրեական վարույթները, որ նախաձեռնվում են, ձերբակալությունները: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում այլեւս գործ կարելու մշակույթ չկա, այդ էջը փակված է, Հովհաննես Ավետիսյանն այսպես արձագանքեց. «Մենք իրեն ավտորիտար պոպուլիստ ծիպյատոր ենք համարում:

Ինքը ոնց կարող է ընդունել այդ հանգամանքը, երբ ինքն է այդ միջավայրը ստեղծողը: Երբ իրենից ու իր ենթականերից է գալիս քաղաքական հետապնդումների հրահանգը»:

 

Աղբյուրը՝ Առավոտ