Պուտինը չի խոսել Թրամփի հետ. Պեսկովը հերքել է
Արտասահմանյան մամուլի հաղորդագրությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի միջև ենթադրյալ հեռախոսազրույցի մասին սուտ են։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ փոխանցում է ТАСС-ը։
«Ոչ մի խոսակցություն չի եղել», - ասել է Կրեմլի խոսնակը ու հավելել. «Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, սա մաքուր հորինվածք է»:
Ըստ ամերիկյան մամուլի՝ Պուտինն ու Թրամփը իբր քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և խաղաղությունը եվրոպական մայրցամաքում։
Պուտինի և Թրամփի վերջին հեռախոսազրույցը, ինչպես հաղորդում է Կրեմլի կայքը, տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսին (այդ ամիսներին Թրամփը ավարտում էր իր առաջին նախագահական ժամկետը)։
Բացի այդ, ՌԴ նախագահը շնորհավորել է Թրամփին և Բայդենին գալիք 2021 թվականի և Սուրբ Ծննդի կապակցությամբ։
Ամերիկացի վետերան լրագրող և The Washington Post-ի խմբագրական խորհրդի անդամ Բոբ Վուդվորդը կարծիք է հայտնել, որ Պուտինն ու Թրամփը հնարավոր է շփվել են նույնիսկ 2021 թվականի հունվարին ԱՄՆ 45-րդ նախագահի լիազորությունների ավարտից հետո։ Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ ենթադրությունները։