ԼՐԱՀՈՍ
07 Mar 2024

«Թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին՝ Կիլիկիան նվիրելով թուրքերին ու հայաթափելով այն»․ Շարմազանով

«Թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին՝ Կիլիկիան նվիրելով թուրքերին ու հայաթափելով այն»․ Շարմազանով

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին՝ Կիլիկիան նվիրելով թուրքերին ու հայաթափելով այն։

1914-ի օգոստոսին սկսվեց Առաջին աշխարհամարտը։

1916 թվականին Անտանտի երկրներիի միջև կնքվել է Սայքս-Պիկոյի /բրիտանացի եւ ֆրանսիացի դիվանագետներ/ համաձայնագիրը, որով նախատեսվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնատել Օսմանյան կայսրությունը։

Համաձայնագիրը ենթադրում էր, որ Լիբանանը, Սիրիան, Հյուսիսային Իրաքը և Հարավարևելյան Թուրքիան ճանաչվել էին Ֆրանսիայի հետաքրքրությունների գոտի։

Նույն 1916 թ. կնքվել է նաև Ֆրանս-հայկական համաձայնագիրը, որի արդյունքում էլ ձևավորվեց Հայկական լեգեոնը։

Հայկական լեգեոնը, հայերից կազմված ֆրանսիական բանակի զորամաս էր,որը կազմավորվել էր Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա։

Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական զորքերի դեմ մղված պատերազմական գործողություններին։

Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք մասնակցեցին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, իսկ ապա՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։

1918 թվականին կնքված Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, որը կնքվել էր Օսմանյան կայսրության և Անտանտի երկրների միջև, ֆրանսիական զինուժը մասնակցություն ունեցան Կոստանդնուպոլիս ներխուժմանը, որտեղ ֆրանսիական բրիգադը հասավ նոյեմբերի 12-ին։

Ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը դարձել էր Կիլիկիան, որը ֆրանսիացիները համարում էին իրենց հետաքրքրությունների գոտի։

1918 թվականի նոյեմբերի 17-ին մոտ 15 000 ֆրանսիացի զինծառայողներ (Հայկական լեգեոնի մարտիկներ՝ ֆրանսիական սպայակազմի հրամանատարությամբ) ափ են իջեցվել Մերսինում։

Նոյեմբերի 19-ին նրանք կարողացել են գրավել Տարսոնը և ֆրանսիական հրամանատարության կենտրոնակայան հաստատել Ադանա քաղաքը։

1918 թվականի վերջին ողջ Կիլիկիան գրավվել է ֆրանսիական զինուժի կողմից, իսկ 1919 թվականին ֆրանսիացիների հսկողության տակ են անցել խառը բնակչություն ունեցող Այնթափը, Մարաշը և Ուրֆան՝ փոխարինելով այնտեղ գտնվող բրիտանացիներին։

1920թ. սկզբին, օգտվելով ‎ֆրանսիացիների անտարբերությունից, քեմալականները հարձակման անցան Կիլիկիայի ուղղությամբ` դեպի Մարաշ:

Մի քանի օր հետո ֆրանսիական զորքերը դուրս եկան Մարաշից։

Ֆրանսիացիների` Մարաշը լքելու քայլը ողբերգական նշանակություն ունեցավ ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ Կիլիկիայի հայության համար:

Քաղաքում և փախուստի ընթացքում հազարավոր հայ մարաշցիներ կոտորվեցին:

Փրկվածների մի մասը ապաստանեց Սիրիայում:

1920թ. գարնանից սկսած անհավասար դիմադրությունից հետո հոկտեմբերին տները լքեցին նաև հաճընցիները` տալով շուրջ յոթ հազար զոհ:

1920թ. փետրվարի 10-11-ի գիշերը ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից, հայերի մի մասը նույն գիշերն իսկ հետևեց ֆրանսիական բանակին, իսկ նրանք, ովքեր փորձեցին հեռանալ ավելի ուշ, ենթարկվեցին քեմալականների հարձակմանն ու ջարդին:

Ֆրանսիացիների` Մարաշը լքելուց հետո, հայությանը սպառնացող ընդհանուր վտանգի մտահոգությամբ Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը դիմեց Ֆրանսիայի ղեկավարներին, որին ի պատասխան վերջիններս վստահեցրին, թե Ֆրանսիան մտահոգված է հայերի պաշտպանության հարցով և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռք առնվելու:

Հայ քաղաքական կուսակցությունները շարունակում էին հավատալ, որ ‎‎ֆրանսիացիների օգնությամբ հնարավոր կլիներ Կիլիկիայի անջատումը կործանվող Օսմանյան կայսրությունից և նրա ինքնավարությունը Ֆրանսիայի հովանավորության տակ:

1920թ. օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային խորհուրդը Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակեց Կիլիկիայի անկախությունը. ՙԱյսօրվանից սկսած` Կիլիկիան հանդիսավորապես հռչակում ենք Թուրքիայից բոլորովին անկախ, ազատ երկիր` օժտված քրիստոնեական ինքնավար վարչությամբ և Ֆրանսիայի մանդատի տակ: Նախկին Օսմանյան կայսրությունից Կիլիկիայի այս անջատումը համարում ենք այնքան վերջնական և լիակատար ու միևնույն իրավունքներով, որքան Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի և Արաբիայի անջատումը՚:

Սակայն ֆրանսիացիները ոչ միայն դրժեցին իրենց խոստումը, այլ Կիլիկիայի անկախ հռչակումից մեկ օր անց` օգոստոսի 5-ին, երբ հայերը Տամատյանի գլխավորությամբ Ադանայում կառավարչատնից հեռացրին վալիին ու մյուս թուրք պաշտոնյաներին և իրենք զբաղեցրին տարածքը, նույն Բրեմոնը Տամատյանից պահանջեց հեռանալ շենքից: Երբ հայերը մերժեցին կատարել թվացյալ բարեկամներ ու դաշնակիցներ ‎ֆրանսիացիների պահանջը, անձամբ կառավարչատուն եկավ Բրեմոնը և, զինվորական սպառնալիքներ տեղալով, շենքից հեռացրեց Տամատյանին:

Ակնհայտ էր դառնում, որ Ֆրանսիան պայմանավորվածություն ուներ քեմալականների հետ: Հայկական լեգեոնը ցրելով` նրանք թուրքերի առաջ բացեցին դեպի Կիլիկիա տանող ճանապարհները:

Իսկ ի՞նչ եղավ հետո…

1921թ. մարտին Լոնդոնում ստորագրվեց թուրք-ֆրանսիական զինվորական, քաղաքական և տնտեսական համաձայնագիր Բեքիր Սամի բեյի և Ֆրանսիայի ներկայացուցիչ Արիսթիդ Պրիանի միջև:

Մեկ շաբաթ անց` մարտի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալ Սահակ Բ Խապայան կաթողիկոսը նամակով դիմեց Բրիանին` հայտնելու, որ Ֆրանսիայի կողմից Կիլիկիայի պարպումը վտանգում է հայությունը, որ արդեն սարսափն ընկել է հայության մեջ և որ նրանց ապահովության միակ գրավականը Կիլիկիայում գրավման բանակի առկայությունն է:

Այնթափում հայերի մոտ խուճապ սկսվեց, երբ տեղեկացան Լոնդոնի թուրք-ֆրանսիական համաձայնագրի բովանդակությունը:

1921թ. գարնանը քաղաքից հեռացան ֆրանսիական զորքերը, որին անմիջապես հետևեց այնթափահայության նահանջը դեպի Սիրիա:

1921թ. հոկտեմբերի 20-ին Ազգային մեծ ժողովի կառավարության և Ֆրանսիայի պաշտոնական լիազոր ներկայացուցիչ Ֆրանկլին-Բույյոնի միջև Անկարայում ստորագրվեց թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը, որով կողմերը դադարեցնում էին պատերազմական գործողությունները, իսկ ֆրանսիական զորքերը երկու ամսվա ընթացքում պետք է դուրս բերվեին Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի:

1921թ. նոյեմբերի 21-ին Սահակ կաթողիկոսը հեռագրեց Արևելյան Միջերկրականում ֆրանսիական ուժերի գերագույն զորահրամանատար զորավար Հանրի Կուրոյին, որպեսզի նրա միջնորդությամբ վերադարձվեն թուրքերի մոտ պահվող հայ բանտարկյալները, հայ որբերը փոխադրվեն ֆրանսիական շրջան, իսկ Դորթ Յոլի հայերը` Ալեքսանդրետ, որտեղից նավով նրանք կարողանային ազատվել թուրքական հետապնդումից:

Համաձայն Անկարայի պայմանագրի, սկսվեց ֆրանսիական ուժերի պարպումը Կիլիկիայից:

1921թ. դեկտեմբերի 19-ին դատարկվեց Ադանան, 25-ին` Այնթափը, 31-ին` Դորթ Յոլը:

Ֆրանկլին-Բույյոնի ստորագրած թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը և Կիլիկիայում Ֆրանսիայի քաղաքականությունը ընդհանրապես աղետալի հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար:

Փաստացի, ‎Ֆրանսիան օրինական ճանաչեց Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը:

Բայց ամենակարևորը քեմալականների համար այն էր, որ Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելուց հետո նրանք զինուժը Կիլիկիայից տեղափոխեցին արևմտյան ճակատ` հույների դեմ պատերազմը նոր թափով շարունակելու նպատակով:

Կիլիկիան հանձնվեց Թուրքիային, հայերի ճնշող մեծամասնությունը լքեց Կիլիկիան՝ հերթական անգամ դառնալով Արեւմուտքի սուտ խոստումների զոհը»։