«Վազգեն Սարգսյանը միասնականության խորհրդանիշ է․ նրա կերպարի մեջ պետք է տեսնենք մեր բոլոր մարտական ընկերներին»․ Սեյրան Օհանյան
«Վազգեն Սարգսյանը, որպես առաջնորդ, միասնականության խորհրդանիշ է և նրա կերպարի մեջ մենք պետք է տեսնենք մեր բոլոր մարտական ընկերներին, այստեղ հանգչող բոլոր հրամանատարներին ու զինվորներին»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանն էր հայտնվում, այնտեղ միանշանակ մթնոլորտ էր ձևավորում, համախմբվում էին և պատրաստ էին գործելու, աշխատելու, պայքարելու: Մենք Վազգեն Սարգսյանի ժամանակ ձեռք ենք բերել արժեքներ, որոնք պետք է պահպանել: Հենց այնպես ոչինչ չի լինում, պետք է պայքարել: Եթե մենք թույլ լինենք, հակառակորդը, այսօրվա տարածաշրջանի դերակատարները, թուրք-ադրբեջանական տանդեմը անընդհատ մեզ ճնշելու են, իսկ այսօր մենք այդ թուլությունը տեսնում ենք ՀՀ իշխանությունների մոտ: Նրանք ժողովրդին համոզում են, որ պետք է համակերպվել: Ես առավել քան վստահ եմ, որ եթե այսօրվա իշխանությունները լինեին արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այն ժամանակ էլ էինք մենք պարտվելու: Վազգեն Սարգսյանի ժամանակ մենք ֆիդայական ջոկատներից ձևավորել ենք կանոնավոր բանակ, նրանց զինել ենք: Այդ սպառազինության մեծ մասը ձեռք ենք բերել մեր ռազմավարական գործընկերներից: Այն ժամանակ էլ որևէ արգելք չի եղել որևէ երկրից ձեռք բերել սպառազինություն, և որքան հնարավոր է եղել, կարողացել ենք ձեռք բերել: Մեր սպառազինության զգալի մասը մենք ուղղակի խլել ենք հակառակորդից որպես ավար՝ մարտական գործողությունների ժամանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ այս իշխանությունների ժամանակ այդ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն.
«Ու երբ այսօր գալիս են, ձևական ծնկի են իջնում սպարապետի շիրիմի առջև, դրա փոխարեն իրենք պետք է ամրապնդեին մեր բանակը, մեր պաշտպանությունը»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Փոխանցում է Yerkir.am-ը