«Ինչ ուզում են՝ անում են, ժողովուրդը հանդուրժում է»․ Մովսես Հակոբյան
«Փաստինֆո»-ն գրում է․
«Ինչ ուզում են՝ անում են։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան այսպես արձագանքեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցուն որպես «բարի կամքի դրսևորում» Ադրբեջանին վերադարձնելու իշխանությունների որոշմանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Ընդ որում, ադրբեջանցին պետական սահմանը հատել է ծառայակցի հետ, սակայն վերջինս դիմել է փախուստի։ Նշենք, որ մինչ ՀՀ պատկան մարմինները պատշաճ տեղեկություն կփոխանցեին, ադրբեջանական ԶԼՄ-ները շտապեցին ադրբեջանցի սահմանախախտին ներկայացնել որպես մոլորված զինծառայող։
ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովի կողմից 2024թ. փետրվարի 28-ին դիվերսիայի փորձ, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ինչպես նաև ազգային, կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու և փոխադրելու, հրազենի և ռազմամթերքի մաքսանենգության և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դեպքերի առթիվ: Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը ձերբակալվել էր։ ՀՀ իշխանությունները, սակայն, որոշեցին դիվերսանտին օր առաջ հանձնել Ադրբեջանին՝ անգամ չսպասելով դատական ակտի։ Երեկ ՀՀ ՔԿ-ն հայտնեց, որ որոշում է կայացվել դադարեցնելու քրեական հետապնդումն ադրբեջանցու նկատմամբ, իսկ ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտնեց, որ որպես բարի կամքի դրսևորում որոշել են վերադարձնել ադրբեջանցուն։ Ընդ որում, սա այն դեպքում, երբ Ադրբեջանում դեռևս գերության մեջ են պահվում հայորդիներ՝ անգամ 44-օրյա պատերազմի և դրանից հետո գերեվարման դեպքերով և դիվերսանտ ադրբեջանցուն որոշել են վերադարձնել՝ առանց գոնե մեկ հայ ռազմագերու վերադարձի։
Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել, ինչ ուզում են՝ անում են։
«Երկրի ղեկավարն ամեն ինչ իրավունք ունի անելու, ինչ ուզում է՝ անում է։ Ժողովուրդը տվել է այդ մանդատը»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ ժողովուրդը «մանդատը» տվել է՝ նախընտրական ծրագրի շրջանակներում, որտեղ բառ անգամ չկար Արցախը հանձնելու և այսօր տիրող իրավիճակի վերաբերյալ, Հակոբյանը կես կատակ-կես լուրջ արձագանքեց․ «Նախընտրական ծրագրում գրված է, որ իրավունք ունի ամեն ինչ անելու և ժողովուրդը դա հանդուրժում է, հանդուրժել է և հանդուրժելու է»»։