«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է՝ կյանքի է կոչելու եռակողմ հայտարարության 9-րդ կետը». Մովսես Հակոբյան․ 168.am
Ադրբեջանի իշխանությունները տարբեր մակարդակներով հայտարարում են, թե «Ադրբեջանը նպատակ չունի հարձակվելու Հայաստանի վրա»։ Այս հայտարարությունները նրանք անում են՝ ի պատասխան ՀՀ իշխանությունների հայտարարությունների, որ Ադրբեջանը պատրաստվում է ագրեսիայի Հայաստանի դեմ։
Այս հայտարարություններին զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Հայաստանի նկատմամբ, վերջին անգամ նա սադրանքի է դիմել փետրվարի 13-ին: Սյունիքում՝ Ներքին Հանդի հատվածում տեղի ունեցած կրակոցի հետևանքով՝ հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր։ Այս միջադեպից օրեր անց Ադրբեջանը կրակոցներ էր արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հայկական դիրքերի վրա։
Մարտի 3-ին Անթալիայում Դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովն ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև «վստահության» և «խաղաղաշինության» ամրապնդման կարևոր միջոց։
Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցք» բացելու պատրվակով հարձակվի Հայաստանի վրա։
168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատասխանելով այս հարցին՝ ասաց.
«Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է։ Կարդացեք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը, այն Ադրբեջանը կյանքի է կոչելու»։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ պետք է տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվեն: Ըստ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունն Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի նոր տրանսպորտային հաղորդակցություն, որը կկապի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները:
Մովսես Հակոբյանի գնահատմամբ՝ Ադրբեջանին որևէ բան չի կարող հետ պահել, անգամ «խաղաղության պայմանագիր» կոչվածը։
«Ադրբեջանը երբեք մեզ հետ խաղաղության պայմանագիր չի կնքելու»,- շեշտեց Մովսես Հակոբյանը։
Հարցին՝ Ադրբեջանի հարձակման դեպքում ո՞ր երկիրը կարող է աջակցել Հայաստանին, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցնելու և ՀՀ-ում ռուս սահմանապահների դուրսբերման խնդիր, Մովսես Հակոբյանը պատասխանեց՝ չգիտի, թե ով կաջակցի Հայաստանին, այս հարցի պատասխանը չունի։
Աղբյուրը՝ 168.am