ԼՐԱՀՈՍ
04 Mar 2024

«Հայաստանյան իշխանությունը կգնա ամենավատ ճանապարհով, ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում»․ Տիգրան Աբրահամյան

«Հայաստանյան իշխանությունը կգնա ամենավատ ճանապարհով, ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում»․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ 

«Եվ այսպես, ինչպես և կանխատեսելի էր, ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձավ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում գործունեության սառեցման վերաբերյալ հայտարարությանը, նշելով, որ Հայաստանը պետք է հստակ կողմնորոշվի` մնում է՞, թե՞ հեռանում:

Իհարկե այդ համատեքստում ՌԴ պաշտոնյան անուղղակի «տեղյակ պահեց», որ չմնալն ու, առհասարակ, ՌԴ-ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա:

Ենթադրաբար դա նշանակում է ՌԴ-ի` ՀՀ-ի նկատմամբ իրականացվող քաղաքականության վերանայումներ, ինչը նշանակում է քաղաքական, ռազմական համագործակցությունից մինչև տնտեսական:

Այնպես չէ, որ ՀՀ իշխանությունն այս դիսկուրսը նոր է ծավալում կամ դրա մեջ լրջություն դնում, հարցն այն է, որ ՌԴ-ն փորձում է վերջնականացնել հաշիվները` հասկանալու, թե սա սովորական շանտաժ է՞, թե՞ Հայաստանի նոր ընթացքը դեպի ԵՄ:

ՌԴ-ն սա անում է, որպեսզի հետագայում իր կոշտ հակազդեցությունը ՀՀ-ում և արտաքին աշխարհում ամբողջությամբ լինի ընկալելի, իսկ թե դրանք ի՞նչ հետևանքներ կունենան և ի՞նչ ծավալով կլինի, կախված է իրադարձությունների ընթացքից:

Ի՞նչ կանի այս իրավիճակում հայաստանյան իշխանությունը: Այո´, կգնա ամենավատ ճանապարհով` ինչպես նախորդ բոլոր կարևոր որոշումներում»։