«Հայրենիքի համար արժե զոհել մեր պարգևած կյանքն ու առողջությունը». Արմեն Չարչյան․ ABC MEDIA
ABC Media–ն Իզմիրլյան բժշկական կենտրոնի հետ սկսում է նոր նախագիծ՝ 10+ հարց բժշկին։ Հաղորդաշարի առաջին հյուրը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն օրթոպեդ–վնասվածքաբան Արմեն Չարչյանն է։ Օրթեպեդը պատասխանել է մասնագիտական և ոչ մասնագիտական հարցերի։
-Արհեստական բանականություն երբևէ կփոխարինի՞ բժշկին:
–Իհարկե՝ ոչ։ Ես անուն չեմ ուզում տալ 2020 թվականին զրուցում էի շատ բարձր ինտելեկտի տեր մարդու հետ։ Ես ասացի, որ արհեստական բանականությունը լավ բան է և կարող է ինչ–որ բաներ փոխել, բայց արհեստական բանականության թույլ կողմն այն է, որ այն հույզ չունի, բայց նա ինձ ասաց, որ հիմա աշխատանքներ են տարվում հուզականություն հաղորդելու համար։ Ըստ իս՝ բարու և չարի միջև հույզը Աստծունն է, թիվը՝ սատանայինը, իսկ արհեստական բանականությունը հիմնված է հիմնականում թվերի վրա, դա Աստծունը չէ։ Եկեք չխառնվենք Աստծո գործերին։
-Եթե բժիշկ չէ, ապա․․․
–Եթե բժիշկ չէ, ապա բժիշկ, եթե բժիշկ չէ և ապա բժիշկ չէ, ուրեմն՝ մաթեմատիկոս։
-Ու՞մ հետ կցանկանայիք այս պահին սուրճ խմել և անշտապ զրուցել:
–Ինձ համար ամենակարևոր զրույցներն իմ հետ ունեցածներն են։ Իսկ այս պահին կուզեի սուրճ խմել և անշտապ զրուցել երջանկահիշատակ և երկնաբնակ ծնողներիս հետ։
-Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:
–Երկու գիրք էի կարդում։ Մեկը՝ Ռոբերտ Գրինի «Իշխանության 48 օրենք» և քվանտային մեխանիկային հիմունքները, որոնք դասախոսություններ են։ Աշխատանքի բերումով ավելի շատ մասնագիտական գրականություն եմ կարդում, թեպետ գերավեստական գրականության լավ գրադարան ունեմ։
-Եթե մեկ հոգու կարողանայիք վերակենդանացնել, ո՞վ կլիներ նա։
–Եթե հնարավորություն ունենայի, կվերակենդանացնեի Արմեն Երիցյանին։
– Ի՞նչ է Ձեզ համար Հայրենիքը:
–Մեր աշխատանքային նյութը շատ թանկ է, ինչպես դարբնի համար երկաթը, մեզ համար էլ ամենաթանկը մարդկային կյանքն է, մարդու առողջությունը։ Մենք մարդկանց առողջություն ու կյանք ենք պարգևում, բայց կան արժեքներ, որոնց համար արժե մեր պարգևած առողջությունն ու կյանքը զոհել և դա հայրենիքն է։ Մասնագիտական հարցերի պատասխանները՝ տեսանյութում:
Աղբյուրը՝ ABC MEDIA