«Սուտ են ասում, թե թուղթը ստորագրենք պատերազմ չլինի․ հա՛մ թուղթ են ստորագրում, հա՛մ պատերազմ են բերում»․ Քրիստինե Վարդանյան
«Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից երեք տարի անց մենք էլի կանգնած ենք նոր կապիտուլյացիայի, նոր պատերազմի առաջ ու ամեն տարի գրաֆիկով ունեցել ենք պատերազմներ: Այսինքն, խոստանալով, թե տանք, որ պատերազմ չլինի, ու մարդկանց ամենանվիրական՝ խաղաղասիրության, զգացմունքի հետ խաղալով ամեն անգամ բերում են ավելի աղետալի պատերազմ, ավելի շատ մարդ է զոհվում: Մեզ ի՞նչ էին ասել նոյեմբերի 9-ին, «Ստորագրել եմ այդ փաստաթուղթը, որ կանգնեցնեմ պատերազմը եւ որ էլ պատերազմ չլինի»: Ի՞նչ էին ասում Արցախի հարցում. «Մի քիչ նշաձողն իջեցնենք, որ աննախադեպ կոնսոլիդացիա ունենանք, կարողանանք պահպանել Արցախի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքները»: Հիմա ամենախաղաղ վիճակը Ստեփանակերտում է: Այդպիսի խաղաղություն են ուզում բերել»,- «Հայելի» ակումբում անդրադառնալով կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե Ալիևն, ըստ էության, ասում է. բանակցային եղանակով տվեք այն, ինչ ուզում եմ, հակառակ դեպքում կվերցնեմ պատերազմով, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Հիմա ի՞նչ է կատարվում Ներքին Հանդում: Մարդիկ սա էլ պետք է շատ լավ հասկանան: Ի՞նչ տեղի ունեցավ: 2020-ին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը գնահատել է իրավիճակը: Եվ որպեսզի հանկարծ նոր բախում չլինի, Սյունիքում զորքերի 20 կմ հետքաշման հրաման է տվել: Պատկերացնո՞ւմ եք, 30 տարի դիրքեր ենք սարքել, նպաստավոր դիրքեր ենք զբաղեցրել, 30 տարի արյուն ու քրտինք է թափվել, ու այս մարդն ասում է՝ որոշել է, որպեսզի պատերազմ չլինի, զորքը հետ է քաշել 20 կմ: Դրանից հետո 2022 թվականին հարձակման ընթացքում ադրբեջանցիները, որ 20 կմ առաջ էին եկել, դրանից էլի առաջ եկան ու ամենանպաստավոր կետերը զբաղեցրին: Այժմ վերեւում իրենք են, ներքեւում մենք ենք: Ու սրա հետեւանքով Ներքին Հանդում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Այսինքն, ադրբեջանցիները երբ ուզենան՝ պատճառ բռնելով, որ իրենց վրա կրակել են, կարող են, ինչպես իրենք են մեկնաբանում, հակաահաբեկչական պատժիչ գործողություններ իրականացնել, չնայած, ոչ ոք չգիտի՝ կրակոց եղե՞լ է, թե՞ ոչ: Ու այս ամենն այն ֆոնին, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խայտառակ հաղորդագրություն է տարածում ու փաստացի ասում, որ կրակելու հրաման չկա: Այսինքն, քո վրա կրակում են, դու չպիտի կրակես, թե չէ քեզ կդատեմ:
Այս կետին ենք հասել այն քաղաքականության արդյունքում, որ այսօր վարվում է: Այսինքն, մենք ոչ թե այնպես ենք արել, որ պատերազմ չլինի, այլ ավելի շատ պատերազմ ենք բերել, ավելի շատ թվով զոհեր ենք ունեցել ու փաստացիորեն էլի կանգնած ենք կապիտուլյացիայի առաջ: Սուտ են ասում, թե այս թուղթը ստորագրենք, որ պատերազմ չլինի: Իրենք համ թուղթ են ստորագրում, համ պատերազմ են բերում, համ նոր հողեր են տալիս: Եվ մենք պետք է հասնենք այն կետին, որ եթե ուզում ենք ապրել, այս մարդիկ պիտի գնան: Ուրիշ տարբերակ չկա»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Փոխանցում է Yerkir.am-ը