ԼՐԱՀՈՍ
13 Feb 2024

«Նժդեհն ասում էր՝ «զինվենք, թուրքին սպանենք, Սյունիքը պահենք»․ հոգեբանական վարա՞կ էր». Փաստաբանը՝ Մալյանի կոչը «հոգեբանական վարակ» ներկայացրած փորձագետին

«Նժդեհն ասում էր՝ «զինվենք, թուրքին սպանենք, Սյունիքը պահենք»․ հոգեբանական վարա՞կ էր». Փաստաբանը՝ Մալյանի կոչը «հոգեբանական վարակ» ներկայացրած փորձագետին

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի գործով դատական նիստում հարցաքննության հրավիրված դատահոգեբանական եզրակացություն ներկայացրած փորձագետից Մալյանի փաստաբանները փորձեցին հսկանալ, թե ինչ ասել է հոգեբանական վարակ։

Ըստ եզրակացության՝ Նարեկ Մալյանը Հանրապետության հրապարակում նկարահանում է իր շուրջը հավաքված բազմաթիվ անձանց, տեսաձայնագրության ընթացքում լսելի են վերջինիս հետ համաձայն լինելու բովանդակություն արտահայտող խոսքեր, ինչպես նաև  բազմաթիվ անձանց կողմից «Նիկոլ դավաճան» խոսքերով վանկարակումներ, ինչը համադրելով Նարեկ Մալյանի խոսքի բովանդակությանը, այլ անձանց՝ իրենց միանալու կոչին, փորձագետը որակել էր հոգեբանական վարակ։

«Վարակը ինֆորմացիոն տեսանկյունից տարածականության կոմպոնենտ է, մեկը մյուսին փոխանցելու երևույթ։ Մենք նախաձեռնողականություն պետք է ունենանք այդ անձանց՝ իրենց միանալու կոչ պարունակող մտքերի համար։ Ներկայացված տեսագրության մեջ առկա են հոգեբանական վարակի, կոլետիվ անգիտակացական ակտվացնելու միջոցով ազդեցությունն ուժգնացնելու գործոններ»,-պատասխանեց փորձագետը։

Մալյանի  փաստաբան Տիգրան Աթանեսյանը հարցրեց. «Երբ որ 41 թվականի հուլիսի 3-ին Իոսիֆ Ստալինը կոչ արեց զինվել, համախմբվել և ոչնչացնել գերմանական ֆաշիստական զորքերը, դա՞ էլ էր հոգեբանական վարակ»։

Դատավորը միջամտեց և հարցը հանեց։

«Ուզում եմ հասկանալ հոգեբանական վարակն ի՞նչ է... Կամ՝ Գարեգին Նժդեհն ասում էր՝ զինվենք, թուրքին սպանենք, Սյունիքը պահենք, հոգեբանական վարա՞կ էր», - պնդեց փաստաբանը՝ նշելով, որ հարցն ընդհանրական է, հոգեբանական է, նշված է տերմին, ցանկանում է հասկանալ՝ տերմինն ինչ է և ինչի մասին է։

«Փոխանցվող, հույզեր առաջացնող գործոն է»,-պատասխանեց փորձագետը։

Հիշեցնենք, Նարեկ Մալյանին ձերբակալել էին սեպտեմբերի 20-ին, երկու օր անց նա կալանավորվեց՝ երկու ամսով: Նարեկ Մալյանին ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 329–րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու համար:

Այն է՝ «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»:

Այս հոդվածով նախատեսվում է որպես պատիժ՝ 1-4 տարի ազատազրկում:

Աղբյուրը՝ Aysor.am