Մոսկվան զսպվածության կոչ է անում Բաքվին և Երևանին
Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում, քանի որ շփման գծից տագնապալի լուրեր են ստացվում. այս մասի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսաստանը հույս ունի, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի»,– նշել է Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Պեսկովին հարցրել են, թե արդյոք սահմանային վերջին դեպքերը չե՞ն վտանգում խաղաղության պայմանագրի ստորագրումը։
«Նման միջադեպերն առնվազն չեն նպաստում այդ գործընթացի, բանակցային գործընթացի առաջմղմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման պահի մոտեցմանը։ Բայց մենք հույս ունենք, որ այդ գործընթացն իր շարունակությունը կունենա»,- պատասխանել է Պեսկովը։
Նա շեշտել է, որ երկու կողմերն էլ պետք է ամեն կերպ խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք մյուս կողմը կարող է համարել սադրիչ։
Նա հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետևելու է իրավիճակին։
Փոխանցում է ABC MEDIA-ն