ԼՐԱՀՈՍ
09 Feb 2024

Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Ալիևն ու Միշելը․ չնայած ընտրախախտումներին, ԵՄ-Ադրբեջան խնդիրներին, Միշելը շտապել է շնորհավորել Ալիևին. 168.am

Ի՞նչ պայմանավորվածություն են ձեռք բերել Ալիևն ու Միշելը․ չնայած ընտրախախտումներին, ԵՄ-Ադրբեջան խնդիրներին, Միշելը շտապել է շնորհավորել Ալիևին. 168.am

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտահերթ նախագահական ընտրություններում 90 տոկոսից ավելի ստանալու և բացարձակ «հաղթանակի» կապակցությամբ։

Թերևս, որևէ մեկը չէր կասկածում, որ «հաղթանակը» լինելու է Իլհամ Ալիևինը, սակայն շատերը զարմացան Ադրբեջանի ԿԸՀ-ի ներկայացրած նման բարձր տոկոսային տվյալներից։ Իսկ մի փոքր չեզոք միջազգային դիտորդական առաքելությունները, ինչպիսին ԵԱՀԿ-ն ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն են, իրենց նախնական եզրակացության մեջ արձանագրեցին՝ նախընտրական շրջանում բազմակարծությունը բացակայել է, ընտրողներն այլընտրանք չեն ունեցել, արտահերթ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակող միջավայրում, իսկ նախորդ ընտրություններից հետո արված առաջարկները չեն ընդունվել։ Եվ սա այն դեպքում, երբ դիտորդություն չեն իրականացրել ԵԽԽՎ ու եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունները, այլ հիմնականում դիտորդական առաքելություն Ադրբեջանում իրականացրել են ԱՊՀ-ի, թյուրքական կազմակերպությունների դիտորդական առաքելությունները, բնականաբար, բարձր գնահատելով ընտրությունների կազմակերպչական և անցկացման պայմանները։ Սակայն ակնհայտ ընտրախախտումներով ընթացած այս ընտրությունները, թերևս, չեն խանգարում, որպեսզի Ալիևի միջազգային գործընկերները նրան շնորհավորեն։

Եվ առաջիններից մեկը Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն էր, չնայած հունվարին ԵԽԽՎ-ի կողմից Ադրբեջանի ԵԽԽՎ պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշումից հետո Ադրբեջանի իշխանությունները սպառնում են ընդհանրապես լքել Եվրոպայի խորհուրդը։ Սակայն Շառլ Միշելն իր X-ի էջում գրել է, որ շնորհավորել է Ալիևին վերընտրվելու կապակցությամբ և իր բարեմաղթանքները հայտնել նոր մանդատի կապակցությամբ, ընդգծել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ փոխգործակցության շարունակականության կարևորությունը:

«Քննարկվել են նաև հարաբերություններն ու համագործակցությունը, այդ թվում՝ կապի և էներգետիկայի ոլորտները։ Բավականին բովանդակալից քննարկումներ են եղել նաև ՀՀ-Ադրբեջան նորմալացման վերաբերյալ։ Մենք ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելի գործընթացի եռակողմ հանդիպումը՝ նպաստելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասին»,- գրել է Միշելը:

Թեև հարկ է նշել, որ արդեն տևական ժամանակ է՝ մոտավորապես կես տարի, Բաքուն բոյկոտում է թե բրյուսելյան, թե ամերիկյան հարթակները՝ հասցնելով մերժել արդեն մի քանի բարձր մակարդակի հանդիպման նախաձեռնություն Գրանադայում, Բրյուսելում, Վաշինգտոնում։

Ադրբեջանական կողմը մերժում է նաև Մակրոնի հնարավոր միջնորդական ջանքերը, չնայած 2022 թվականի Պրահայի քառակողմ հանդիպմանը, որի արդյունքներով ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը, որպես Ադրբեջան, մասնակցել էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ըստ էության բանակցային արևմտյան հարթակներում բանակցությունների շնորհիվ ստանալով Արցախն առանց արցախահայության, Ալիևը ներկայումս համարձակորեն մերժում է նույն միջնորդներին, ձգտելով միջնորդներին գործընթացից դուրս բերել, որպեսզի հնարավոր ՀՀ-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը չունենա որևէ արևմտյան երաշխավոր։

Բացի այդ, արևմտյան միջնորդների առաջարկները մերժելուն զուգահեռ՝ Ադրբեջանի բռնապետը շարունակում է նոր վերջնագրեր ու պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններին, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացում, այլապես սահմանները չեն բացվի, ՀՀ սահմանադրության փոփոխություն, ՀՀ-ից երաշխիքներ, սահմանազատում ադրբեջանական պահանջներով և այլն․․․

Տարեսկզբին Ադրբեջանը մերժեց նաև ընդունել բանակցություններում Վաշինգտոնի ու Բրյուսելի ներկայացուցիչներ Տոյվո Կլաարին ու Լուիս Բոնոյին, իր այդ որոշումը պատճառաբանելով Ադրբեջանում նախընտրական փուլով։

Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, մասնավորապես, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում համագործակցության հարցեր։

Դրա համաձայն, Միշելն ընդգծել է, որ ԵՄ-ն կոնկրետ նախագծերով է հանդես գալիս՝ զարգացնելու տարածաշրջանի երկրների հարաբերությունները տրանսպորտի և կապի ոլորտում։ Ըստ ադրբեջանական հաղորդագրության, կողմերն անդրադարձել են նաև Ադրբեջանում COP29-ի անցկացման և այդ ուղղությամբ Եվրամիության և Ադրբեջանի համագործակցության հարցերին։

Բացի այդ, ներկայացվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում Միշելն Ալիևին խնդրել է հայտնել իր դիրքորոշումը Բրյուսելում Ադրբեջանի, Հայաստանի և Եվրամիության միջև եռակողմ ձևաչափով հանդիպումների վերսկսման վերաբերյալ։ «Ալիևն ասել է, որ Ադրբեջանը միշտ աջակցում է Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում անցկացվող եռակողմ հանդիպումներին», – նշվում է տեղեկատվության մեջ։ Բրյուսելի և Բաքվի տարածած հաղորդագրություններում էական ու հակասող մտքեր չկան, ինչից կարելի է ենթադրել, որ Միշելն ու Ալիևը եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ կոնսենսուս են ձևավորել, սակայն կհետևի՞ արդյոք Իլհամ Ալիևն այդ պայմանավորվածությանը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը։

Չէ՞ որ պայմանավորվածությունները, ձեռք բերված համաձայնությունները չկատարելու հարցում Ադրբեջանի նախագահ Ալիևը բավականին փորձառու է, իսկ միջնորդները՝ հանդուրժողական։

Ըստ փորձագիտական գնահատականների, կարևոր է, թե որտեղ են շարունակվելու բանակցություններն ու որ երկրի կամ կազմակերպության միջամտությամբ, քանի որ դա էականորեն կարող է անդրադառնալ ՀՀ-Ադրբեջան հնարավոր, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բովանդակության և ՀՀ-Ադրբեջան գործընթացի ապագայի վրա։

Իսկ բանակցային հարթակը և հայ-ադրբեջանական գործընթացի գրեթե ողջ բովանդակությունը ՀՀ իշխանություններին թելադրում են Ադրբեջանի իշխանությունները, հենց սրանով էլ պայմանավորված է այն ուշադրությունը, որը կա Ադրբեջանի նախագահի կայացրած որոշումների վրա։


Աղբյուրը՝ 168.am